Ստացած միջոցներն ավելի պակաս են, քան մեր ստանձնած պարտավորությունները. Աննա Հակոբյանը ներկայացրեց բարեգործական հիմնադրամների հաշվետվությունը

14:27 • 21.02.19

Մեր ստացած միջոցներն ավելի պակաս են, քան մեր ստանձնած պարտավորությունները. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Իմ Քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ ներկայացնելով  հիմնադրամների վեցամսյա գործունեությունը:

Ըստ նրա՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը 5-6 ամսում հավաքագրել է շուրջ 859 մլն դրամ, որից ծախսել են 236 մլն դրամ:

Աննա Հակոբյանի խոսքով՝  դրամահավաքի նպատակով երկու գործուղում են իրականացրել, առաջին գործուղման համար ծախսել են 832 հազար դրամ, իսկ  հավաքված գումարը կազմել է  97 մլն 400 հազար դրամ, մյուս գործուղման համար ծախսվել է 3 մլն 642 մլն դրամ, որի արդյունքում հավաքագրվել է 75 մլն դրամ:

Հիմնադրամի նվիրատուների քանակը, ըստ Աննա Հակոբյանի՝ 114-ն է, ովքեր կազմակերպություններ են կամ անհատներ: Ամենամեծ նվիրատվությունը եղել է 241 մլն դրամ, որն ուղղվել է նպատակային՝ Մեղրու մանկապարտեզի վերանորոգման համար:

Ըստ նրա՝ 23 մլն դրամ ծախսել են գործառական ծախսերի համար՝ աշխատավարձեր և այլն:

«City of smile» Ժպիտների քաղաք բարեգործական հիմնադրամ 264 մլն դրամ է մուտք եղել, որից ամենախոշորը եղել է  51 մլն դրամը: 85 անհատներից է ստացվել գումարը:

Աննա Հակոբյանի խոսքով՝ այս պահին «City of smile» բարեգործական հիմնադրամի շահառու է հանդիսանում 100-ից ավելի երեխա, միայն քաղցկեղով հիվանդ  երեխաների բուժման ծախսերն են հոգում: Ըստ նրա՝ հինգ ամսում ծախսել են 70 մլն դրամ: