Արամ Սիմոնյանը գիտխորհուրդը, դեկաններին իր համար վահան է սարքել. այսպես ադրբեջանցիներն էին անում՝ թաքնվելով կանանց և երեխաների հետևում. Արայիկ Հարությունյան
ԵՊՀ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն տեսնում եմ նաև որպես ԵՊՀ դասախոս և ԵՊՀ-ական: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Արամ Սիմոնյանը ստում է՝ հայտարարելով, որ նախարարությունը ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները խափանում է, և որ չեն լինելու այդ միջոցառումները:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների վերաբերյալ խոսակցությունը եղել է այս տարվա հունվարին: Ռեկտորի հետ հանդիպումից հետո ԿԳ նախարարը վարչապետին է ներկայացրել ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների անհրաժեշտությունը և գործադիրի ղեկավարի կողմից ԵՊՀ 100-ամյակը մեծ շուքով նշելու հանձնարարական է ստացել:
«ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների հանձնաժողովի ստեղծման նախագիծը պատրաստ է: Այս պահին այն ստեղծված չէ, որովհետև ղեկավարում եմ Թումանյանի 150-ամյակի և Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովները: Արամ Սիմոնյանի հետ զրույցը եղել է անցած շաբաթ, եթե մարդը մտահոգություն ուներ դրա հետ կապված, կարծում եմ՝ գիտխորհրդին ավելի շուտ պետք է ասեր դրա մասին: Իսկ այդ հապճեպությունն ու խուճապը կապված է եղել նրա հետ և նա ակնհայտ սուտ է այնտեղ ասել, որ նման պայման է իր առջև դրվել, որ 100-ամյակը չի լինելու, որովհետև դու ռեկտոր ես: Իսկ նրա հապճեպություն ու խուճապ է նրա մոտ առաջացել, որ հաջորդ օրը քրեական գործեր են հարուցվելու»,- ասաց նախարարը:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ ԵՊՀ ռեկտորը ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում, փորձում է իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գործերը ինչ-որ ձևով քաղաքականացնել: «Բուհերը ապաքաղաքական են, քաղաքական որևէ ճնշում չի կարող լինել»,- ընդգծեց ԿԳ նախարարը:
«Իմ հորդորը իրադարձության հետ կապված եղել է այն, որ 100-ամյակով մենք շատ հստակ ուղերձներ ենք հղելու ինչպես մեր ներքին, այնպես էլ արտաքին լսարանին՝ ԵՊՀ-ի և մեր բարձրագույն կրթության առաջնահերթությունների և զարգացման վերաբերյալ և քանի որ Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն ունեցել ԵՊՀ-ում և առհասարակ բարձրագույն կրթության ոլորտում, սրա շրջանակում է եղել իմ մտահոգությունը:
Այդ հորդորից հետո ինքն ասել է՝ ինձ 100-ամյակը չի հետաքրքրում, գնացեք, դուք կազմակերպեք, նշեք, ինձ պետք է մնալ ռեկտոր, որովհետև եթե իմ դեմ քրեական գործեր հարուցվեն, ես պետք է ԵՊՀ-ն օգտագործեմ պաշտպանվելու համար: Այսինքն, ինքը մի ամբողջ գիտխորհուրդ, բազմաթիվ դեկանների, գիտնականների իր համար վահան է սարքել: Այսպիսի գործողություններ Արցախյան պատերազմի ժամանակ անում էին ադրբեջանցիները՝ թաքնվելով կանանց և երեխաների հետևում»,- հայտնեց Արայիկ Հարությունյանը:
Հարցին, թե Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջ կա՞, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «ԵՊՀ-ն ինքը թող որոշի՝ ուզո՞ւմ է ունենալ այդպիսի ռեկտոր:ԵՊՀ ռեկտորի հրաժարականի անհրաժեշտություն տեսնում եմ նաև որպես ԵՊՀ դասախոս և ԵՊՀ-ական»:










