Վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, անհրաժեշտ նյութերի ծավալի և որակի կրճատում չի նախատեսվում. Քաղաքապետի խոսնակը՝ Դավիթ Խաժակյանին

13:04 • 21.02.19

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը՝ վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն վերանայելու անհրաժեշտության մասին:

Հակոբ Կարապետյանի պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  նախօրեին գրառում էր արել Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ: 

Պարոն Խաժակյանի գրառման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Շենգավիթ վարչական շրջանի կողմից նախորդ տարի ներկայացվել է 29 տեսակի պահեստամասերի պահանջարկ ամբողջ 2018 թվականի համար, և 16 տեսակի պահեստամասերի հայտ՝ 2019 թվականի միայն առաջին կիսամյակի համար: Ուստի, համադրելի չէ 2018-ի տարեկան ծավալի կամ տեսակների համեմատությունը 2019-ի առաջին կեսի ծավալի և տեսակների հետ: Առհասարակ, պահեստամասերի ընդհանուր թվաքանակները տարուց տարի էլ համեմատելի չեն, քանի որ յուրաքանչյուր տարի ծագում է իրարից տարբեր վերելակների, և հետևաբար, պահեստամասերի տեսակների և քանակների անհրաժեշտություն: Վերահաստատում ենք, որ վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերվող անհրաժեշտ նյութերի ծավալի և որակի կրճատում չի նախատեսվում` չնայած բյուջեում այդ գծով պլանավորվող ծախսերի կրճատմանը»: