Մենք խոսեցինք, հասկացանք՝ ինչն ինչոց է, ուսումնասիրություններ չսկսեցինք. Դավիթ Սանասարյանը՝ Ուրցաձորում ընթացող գործընթացների մասին
Այսօր՝ Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը շնորհավորեց Ուրցաձոր համայնքում ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած Ռաֆիկ Անդրեասյանին:
Ինչ վերաբերում է Ուրցաձորում իրականացվող ուսումնասիրություններին, նա ասաց.
«Մենք ուղղակի խոսեցինք, հասկացանք՝ ինչը ինչոց է, ուսումնասիրություններ չսկսեցինք»,-ասաց նա: Հարցին, թե դժգոհությունները կեղծ էին, նա ասաց, որ դա պետք է պարզել ուսումնասիրության արդյունքում: «Չենք ուսումնասիրել, գնահատեցինք, որ այս փուլում ռեսուրսը ավելի լուրջ գործերի վրա կարելի է ծախսել, մեր ռեսուրսը սահմանափակ է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին, նա նախ ասաց, որ ԵՊՀ-ում կոռուպցիոն գործընթացների շրջանակներում խոսքը 800 միլիոն դրամից ավելի չարաշահումների մասին է։
«Պարոն Սիմոնյանին մի քանի անգամ կոչ եմ արել, հիմա էլ հորդորում եմ իրեն, որ դիմի իրավապահ մարմիններին, գործը գնա դատական կարգով: Ես ինքս տարիներ շարունակ դեմ եմ եղել քաղաքական ճնշումներին, դրա դեմ կռիվ եմ տվել ու հիմա ինքս չեմ կարող դա անել, դա իմ սկզբունքների դեմ է: Որ պահին զգամ, որ անցնում եմ այդ գիծը, այդ պահին հրաժարական կտամ»,- ասաց Սանասարյանը և նշեց, որ Արամ Սիմոնյանի ասածները չեն համապատասխանանում իրականությանը:
ՊՎԾ պետը հայտնեց, որ հիմա ուսումնասիրություն են կատարում գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ Սերմերի գործակալությունում:










