Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից

10:57 • 21.02.19

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Արայիկ Հարությունյանին խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Այս մասին ասված է Արցախի նախագահի կայքում:

«Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է հաղորդագրության տեքստում:

 Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր ազատմանն ու պարզաբանել այն:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Իմ դիմումի համաձայն՝ ես այսօրվանից թողնում եմ Հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը և սկսում եմ կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել:

Ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ իմ որոշումը պայմանավորված չէ Հանրապետության նախագահի հետ որևէ տարաձայնությամբ կամ խնդրով: Ավելին, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Նախագահ Սահակյանին, ով 2007թ.-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին: 

Թե՛ վարչապետի, թե՛ պետական նախարարի և թե՛ նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում իմ առաքելությունն է եղել աշխատել և օգտակար լինել մեր հայրենիքի առաջընթացին: Ուրախ եմ, որ այսօր ձևավորված է արհեստավարժ թիմ, որն ի զորու է ապահովել Կառավարության ծրագրով նախատեսված բարձր ցուցանիշները: 

Այս առթիվ ցանկանում եմ հայտարարել, որ իմ գլխավորած քաղաքական ուժը մինչև Նախագահ Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը՝ հանուն Արցախի Հանրապետության կայուն ու խաղաղ զարգացման»: