«Հրազդանի ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի մոտ 400 աշխատակիցներ հավաքվել են գործարանի մետ և սեփականատիրոջից իրենց աշխատավարձերն են պահանջում.  Shamshyan.com

14:31 • 21.02.19

Այսօր՝ փետրվարի 21-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ գործարանի ղեկավարությունը իրենց 1 ամսվա աշխատավարձը կանոնավոր վճարի, ինչպես որ կնքված է աշխատանքային պայմանագրում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Գործարանի բակում հավաքված ասել են, որ առավոտից երեկո կանոնավոր աշխատել են՝ 380-400 հոգով: «Մեր ուզածը մեր քրտինքով վաստակածն է։ Ամեն օր չենք կարող վարկային կազմակերպությանը, էլեկտրացանցի տեսուչին, գազի տեսուչին խաբել, թե վաղը վճարումները կանենք»:

Գործարանի աշխատակիցները հայտնել են, որ իրենց հույսը կառավարությունն է, որ կարող է միջամտել և խնդիրը լուծել. «Ավել գումար մենք չենք ուզում ու պահանջում։ Պարզապես պնդում ենք, որ ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը»։

Գործարանի ներսում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ներկայացած Սուրիկ Միքայելյանը հայտարարել է, որ իրենք մարտի 5-ին հնարավոր է՝ աշխատավարձը տան: Նա պատճառաբանել է, որ ցեմենտը չի վաճառվում, դրա համար էլ չեմ կարողացել վճարել: Այդ պատասխանը աշխատակիցներին չի բավարարել, և նրանք պահանջել են հանդիպում սեփականատեր համարվող Խաչատուրովը։

Այնուհետև աշխատակիցների հետ հանդիպել է առաքման բաժնի պետը, որը  հայտարարել է, որ ժամը 3-ին իրենք պատասխան են տալու աշխատակիցներին և նեղսրտել, թե ինչու են լրագրողի ներկայությամբ իրենց «չնչին գրոշները» պահանջում։

Այնուհետև առաքման բաժնի պետը հանդիպումը կիսատ է թողել և հեռացել։

Եթե այսօր դրական պատասխան չստանան գործարանի աշխատակիցները, կդիմեն  Կոտայքի մարզպետին, իրենց պատգամավորներին, անհրաժեշտության դեպքում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։