Թրամփի նախկին փաստաբանը փետրվարի 27-ին Կոնգրեսում վկայություն կտա

13:21 • 21.02.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը փետրվարի 27-Ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և կառավարական բարեփոխումների հանձնաժողովում վկայություն կտա: Այս մասին ասված է հանձնաժողովի պաշտոնական կայքում:

«Ուրախ ենք հայտարարել, որ վերահսկողության հանձնաժողովի առաջ Մայքլ Քոհենի հրապարակային վկայությունը կկայանա՝ չնայած որոշ մարդկանց՝ նրա ընտանիքին ահաբեկելու ու ելույթը խոչընդոտելու ջանքերին»,- ասված է հանձնաժողովի էջում:

Հիշեցնենք, որ Քոհենի հրապարակային վկայությունը նշանակված էր փետրվարի 7-ին, սակայն հունվարին Թրամփի նախկին փաստաբանը հայտնել էր ելույթը անորոշ ժամանակով հետաձգելու մասին: Քոհենի փաստաբանները պարզաբանել էին, որ իրենց հաճախորդն «անհանգստացած է նախագահ Թրամփի կողմից իր և իր ընտանիքի հասցեին արված սպառնալիքներից»:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի դեկտեմբերին Նյու Յորքի դատարանը Քոհենին մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար հատկացված միջոցների ոչ նպատակային օգտագործման համար 3 տարվա ազատազրկման է դատապարտել:

Դատախազի տվյալներով՝ նշված միջոցներն օգտագործվել են այն կանանց լռեցնելու համար, որոնք հայտարարել են Թրամփի հետ ունեցած արտաամուսնական կապի մասին: