Թայվանում տղամարդը սպանել է ընտանիքի բոլոր անդամներին, երբ կինը հրաժարվել է կրծքերը մեծացնելու վիրահատության ենթարկվել
Թայվանցի տղամարդը սպանել է իրեն, կնոջն ու երկու երեխաներին: Daily Mail-ի հաղորդմամբ՝ պատճառն այն է, որ կինը հրաժարվել է երկրորդ անգամ արհեստականորեն կրծքերը մեծացնելուց:
Հայտնի է, որ Պեն Հուեյը առաջին անգամ կրծքերը մեծացնելու վիրահատության էր ենթարկվել 32-ամյա ամուսնու խնդրանքով: 2018թ. նոյեմբերին, սակայն, ամուսինների հարաբերությունները սրվել էին, և նրանք որոշել էին որոշ ժամանակ առանձին ապրել:
Պենի քույրը պատմել է, որ տղամարդը կնոջից պահանջել է իդեալական կազմվածք ձեռք բերելու նպատակով կրկին վիրահատել կրծքերը, սակայն կինն ընդդիմացել է՝ հայտարարելով, որ ցանկանում է ամուսնալուծվել:
Ամուսինների և նրանց երեխաների մարմինները հայտնաբերվել են տղամարդուն պատկանող տաքսու մեջ: Կինը գտնվել է դիմացի նստատեղին՝ կապկպած ձեռքերով, իսկ 9-ամյա որդու ու 6-ամյա դստեր անշնչացած մարմինները հայտնաբերվել են մեքենայի ետևի մասում:
Իրավապահ մարմինները դեպքի երկու կանխավարկած են առաջ քաշել: Պաշտոնական վարկածով՝ տղամարդը գազով թունավորել է ընտանիքի անդամներին, իսկ ոչ պաշտոնական վարկածով՝ դա արվել է սննդային թունավորման միջոցով:
Զոհերի մարմինների դատաբժշկական փորձաքննությունը նշանակված է փետրվարի 21-ին:










