Թրամփն ԻՊ-ին միացած ամերիկուհուն արգելել է ԱՄՆ վերադառնալ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պետքարտուղարությանը կարգադրել է թույլ չտալ ԱՄՆ-ում ծնված, սակայն ավելի ուշ երկրից մեկնած և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միացած Հոդա Մութանային ԱՄՆ վերադառնալ:
«Ես պետքարտուղար Մայք Պոմպեոյին կարգադրել եմ Հոդա Մութանային թույլ չտալ երկիր վերադառնալ, և նա ինձ հետ համակարծիք է»,-թվիթերյան գրառման մեջ նշել է ԱՄՆ ղեկավարը:
Ինչպես նշում է The Guardian-ը, 24-ամյա կինն ամերիկյան Ալաբամա նահանգը լքել է 2014թ., սակայն այժմ խոստովանել է, որ ափսոսում է իր քայլի համար ու ցանկանում է Սիրիայից ԱՄՆ վերադառնալ:
Հատկանշական է, որ Սիրիայում գտնվելու ընթացքում Մութանան հասցրել է երեք անգամ ամուսնանալ, երեխա ունենալ, որին ևս ցանկանում է իր հետ Միացյալ Նահանգներ տանել: Մութանայի խոսքով՝ իր «ուղեղը լվացել» են, դրա համար էլ նա որոշել է միանալ ԻՊ-ին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ երկիրը ոչ մի դեպքում կնոջը հետ չի ընդունի: Բացի այդ, նա ևս մեկ անգամ կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին Սիրիա չմեկնել:










