Ուզում եմ՝ բանակում չծառայելն իրապես լինի անհնար, բանակում ծառայելը՝ պատվաբեր․ Անդրանիկ Քոչարյան
Սահմանված կարգի խախտմամբ զինծառայությունից խուսափելու հետ կապված օրինագիծն ամեն տարի «ռեստարտ» անելով՝ մենք հնարավորություն ենք տալիս, որ շատերը մտածեն, որ կարող են գնալ Հայաստանից, խուսափել պարտադիր զինծառայությունից, հետո օգտվել այս հնարավորությունից:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին: Ըստ նրա՝ ժամանակն է խնդրին ամբողջական լուծում գտնելու։
«Ներքևում շատերը կմտածեն, որ կարող են դուրս գալ Հայաստանից, գտնել սողանցքներ, խուսափեն բանակից ու այս հնարավորությունից օգտվեն: Ես ուզում եմ, որ այնպիսի իրավիճակ ունենանք մեր անվտանգության համակարգում, որ բանակում չծառայելը իրապես լինի անհնար, պատվաբեր պետք է լինի ծառայելը: Մեր քաղաքացիները տղա երեխան չծնված չպետք է մտածեն երեխային երկրից հանելու մասին։
Գիտեք չէ՞, որ շատերը գնում են, ԱՄՆ-ում ծննդաբերեն, որ երեխան դառնա ԱՄՆ քաղաքացի, բայց ես կուզեի, որ առաջին հերթին այնպիսի հեղինակություն ունենա մեր երկիրը, որ տղա երեխան ծառայի իր երկրի զինված ուժերում: Լուծումը միասին կգտնենք, այս պահին որևէ դեղատոմս ես չունեմ»,- ասաց նա։
Քոչարյանը կարծում է, որ այս խնդրի ուղղությամբ պետք է մեծ աշխատանք տանի նաև Պաշտպանության նախարարությունը։ Նա նկատեց, որ այս պահին մոտ 10 հազար քաղաքացի կա, որոնք այդ տարիքային խմբի մեջ են, ու իրենք էլ պետք է կողմնորոշվեն։ Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ 10 հազար քաղաքացիների մեջ ոչ բոլորի 27 տարին է լրացել, կան 18, 19 տարեկաններ։
«Նրանցից շատերը պետք է գիտակցեն, որ պետք է գան, ծառայություն անցնելը ցանկալի է, ինչ-որ տեղ դա անհրաժեշտ է նաև իրենց համար՝ որպես Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացի։ Կարծես թե, համաներում է այդ տղաներին, բայց մշտապես չեն կարող այդ գործիքը կիրառել, որովհետև դա երկրի անվտանգության համակարգի խնդիր է, մեր ռեսուրսը չպետք է կորցնենք»,- շարունակեց Անդրանիկ Քոչարյանը։
Ըստ պատգամավորի՝ եթե օրենքը շարունակաբար չկիրառվի, ապա ամեն տարի՝ 35 տարեկանը լրանալուց հետո, գումար չեն ծախսի ու կգան՝ ազատվելով հետապնդումից։
«Բայց մեր երկրի հետ նրանց օրգանական կապը կկտրվի, ինչը ցանկալի չէ: Անցյալ տարի այս օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած 619 քաղաքացի է դիմել միջգերատեսչական հանձնաժողով, գումարը վճարել ու ազատվել հետապնդումից, իսկ 2016-2017-ին, կարծեմ, գումարը կազմել է 729 մլն դրամ: Այս օրենքը սկսել է գործել 2003-ից ու այդ ժամանակից ի վեր եղել է 9800 դիմող, որոնք օգտվել են այդ հնարավորությունից»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։










