Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամը ֆինանսապես լավ վիճակում չէ, բայց իմ կյանքի գնով էլ այն գործելու է. Հասմիկ Ուրֆանյան
Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամը ֆինանսապես լավ վիճակում չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը` Հասմիկ Ուրֆանյանը` անդրադառնալով City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամին Արմենակ Ուրֆանյանի հիմնադրամի կողմից գումար փոխանցելուն:
«Հայտարարվեց, որ ուռուցքով հիվանդ երեխաներին օգնելու համար է հիմնադրամը, իսկ դա իմ սրտի թույլ կողմն է, դրա համար 50 հազար դրամ փոխանցել ենք»,- ասաց Հասմիկ Ուրֆանյանը և նշեց, որ պատրաստվում են հոգաբարձուների նիստ հրավիրել:
«Մենք շատ քիչ ֆինանսական փոխանցումներ ունենք, այդ պատճառով նորմալ աշխատակազմ էլ չունենք, պետք է աշխատողներին կարողանանք իրենց աշխատավարձով ապահովել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այն քննարկումներին, որ եթե հիմնադրամը մյուս հիմնադրամին գումար է փոխանցում, նպատակահարմար չէ՞ արդյոք՝ միավորվի, կամ գուցե քննարկվում է փակվելու հարցը, Արմենակ Ուրֆանյանի մայրը նշեց, որ դա հերոսի անունով հիմնադրամ է, և հիմնադրամը պետք է աշխատի:
«Մենք բազում վիրավոր, անտեսված ժամկետային զինծառայողներ, սպաներ ունենք, բազում գործեր, ծրագրեր ունենք իրականացնելու: Հիմնադրամը պետք է գործի, իմ կյանքի գնով էլ այն գործելու է»,- ասաց նա:
Հասմիկ Ուրֆանյանն անհասկանալի համարեց, թե ինչու հերոսի հիմնադրամին փոխանցումներ չեն լինում: «Մինչ օրս անտեսված վիճակ է, մասնավոր քաղաքացիներն են չնչին գումարով օգնել, և մեկ բարերար կա, ով փոքր գումարով օգնում է»,- ասաց նա և նշեց, որ ի սկզբանե հիմնադրամին նորմալ փոխանցում չի եղել:










