Պարի պետական անսամբլը բարեգործական համերգից գոյացած 9.5 մլն դրամն է փոխանցել Աննա Հակոբյանի՝ City of smile հիմնադրամին. Էրիկ Չանչուրյան
Դեկտեմբերի 3-ին Հայաստանի պարի պետական անսամբլը բարեգործական համերգ է ունեցել, տոմսերի վաճառքից հասույթը կազմել է 9 մլն 536 հազար դրամ և այն ամբողջությամբ փոխանցվել է City of smile բարեգործական հիմնադրամին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը:
«Մենք City of smile բարեգործական հիմնադրամի հետ հատուկ բարեգործական համերգ ենք արել, որի ամբողջ հասույթը տրամադրվել է հենց բարեգործական ընկերությանը քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար»,- հայտնեց Էրիկ Չանչուրյանը:
Հիշեցնենք, որ City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել էր 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Հայաստանի պարի պետական անսամբլը նվիրատուների ցանկում 6-րդն է՝ 9.5 մլն դրամով:
Հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը՝ 51 մլն դրամ, կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»: Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47.9 մլն դրամ: Հնգյակում են «Հայաստան» համահայկական հիմնադրամը (30 մլն), «Ամերիաբանկը» (11.8 մլն) և Ալեքսանյան բարեգործական հիմնադրամը (10 մլն):
Էրիկ Չանչուրյանի խոսքով՝ Պարի պետական անսամբլը պետբյուջեից տարեկան 85 մլն դրամ սուբսիդիա է ստանում, իսկ պարողները, պարուհիները, երաժիշտները ստանում են 76-78 հազար դրամ աշխատավարձ:
«Իհարկե, բավարար չէ բյուջեից տրվող գումարը, բայց վատ բաների մասին չեմ ուզում խոսել: Աշխատավարձերը ցածր են, բայց պետությունն աշխատում է այդ ուղղությամբ, սպասենք, կտեսնենք՝ ինչպես կլինի: Պարի պետական անսամբլն աշխատում է իր բնականոն ռեժիմով»,- նշեց Պարի պետական անսամբլի տնօրենը:










