Հիտլերի մանկության տան սեփականատերը 1,5 մլն եվրո փոխհատուցում կստանա դրա առգրավման դիմաց

16:53 • 25.02.19

Ավստրիայի իշխանությունների կողմից Երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի մանկության տան բռնագրավման դիմաց փոխհատուցման հետ կապված երկարատև դատական գործում նոր զարգացումներ են եղել, գրում է The Local-ը:

Գործը նոր ընթացք է ստացել այն բանից հետո, երբ ավստրիական Բրաունաու ամ Ինն քաղաքի դատարանը որոշում է կայացրել տանտիրուհուն՝ Գերլինդա Պոմմերին, նախնական 310 հազար եվրոյի փոխարեն 1,5 մլն դոլար փոխհատուցում վճարել:  

Նման որոշումը պայմանավորված է տան պատմական հայտնիությամբ: Ավստրիայի ֆինանսների դատախազությունը, որը դատական վարույթում ներկայացնում է երկրի կառավարությանը, փոխհատուցման չափը չափազանցված է համարում: Դատախազությունից վստահեցնում են, որ դատարանը հաշվի չի առել մինչև տան բռնագրավումը կառավարության կողմից Պոմմերին վճարված գումարի չափը:

Տունը, որտեղ 1889թ.-ի ապրիլի 20-ին ծնվել է Ադոլֆ Հիտլերը, բռնագրավվել էր կառավարության կողմից դեռևս 2016թ.-ի դեկտեմբերին: Մինչ այդ Պոմմերի հետ, որի ընտանիքին ավելի քան 100 տարի պատկանել է տունը, մի քանի տարի դատավարություն էր իրականացվել:

Պարբերականը նշում է, որ իշխանությունները չեն ցանկացել, որ այդ վայրը նեոնացիստների ուխտատեղի դառնա: