Երեխաների պատրաստած բացիկների, տոնածառի խաղալիքների վաճառքից է գոյացել այդ գումարը. Պուշկինի անվան դպրոցի տնօրենը` Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցած գումարի մասին

16:03 • 25.02.19

Նոր տարուց առաջ երեխաները բացիկներ, տոնածառի խաղալիքներ են պատրաստում, դրանք վաճառում են ծնողներին, իրենց դասընկերներին, ուսուցիչներին, ստացված գումարն էլ օգտագործում ենք բարեգործական նպատակներով, դա դպրոցի գումարը չէ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը` անդրադառնալով City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամին 400 հազար դրամ փոխանցելուն, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է:

Նա շեշտեց, որ այդ գումարը գոյանում է բացարձակապես իր նշած միջոցներից:

Հարցին` այս տարի որքա՞ն գումար է հավաքվել այդ բացիկների վաճառքից և ինչպես է որոշվում, թե որ բարեգործական հիմնադրամին պետք է այդ գումարը փոխանցվի, դպրոցի տնօրենը պատասխանեց. «Այս տարի մոտ 1 միլիոն 200 հազար դրամ գումար է հավաքվել, որը երեք մասի է բաժանվել: Որոշումը, թե որտեղ պետք է ուղղվի այդ բարեգործական գումարը, որոշում է խորհուրդը: Այդ խորհուրդը ձևավորվում է ծնողների, ուսուցիչների և աշակերտների կողմից, միասնական որոշում են, թե տվյալ տարի ում պետք է փոխանցվի, ինչ նպատակի պետք է ծառայի գումարը:  Այս տարի որոշվել է այդ գումարը բաժանել երեք մասի»,- ասաց նա:

Տնօրենի խոսքով` 400 հազար դրամը փոխանցվել է city of smile հիմնադրամին, 400 հազարը փոխանցվել է «Հայ մայրեր» հիմնադրամին և 400 հազար՝ քաղցկեղով հիվանդ մի երեխայի: «Փոխանցման բոլոր կտրոնները հրապարակված են մեր կայքէջում»,- ասաց նա:

Անդրադառնալով քննադատություններին` նա նշեց, որ իրենք արդեն 5 տարի է, ինչ անում են այդ միջոցառումը, և դեռևս վարչապետի կինը չուներ այս հիմնադրամը: «Սա է պատասխանն այդ քննադատությունների: Պետք է մտածեն, որ նաև հնարավոր է վիրավորեն այն երեխաների զգացմունքները, որոնք որ այդ ամեն ինչը կազմակերպել են սիրով և միգուցե հաջորդ տարիներին չունենան նման ցանկություն: Այստեղ գործ ունենք երեխաների հետ և պետք է մի քիչ զգույշ լինենք»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Ցանկում կա նաև Պուշկինի անվան համար 8 դպրոցը: Դպրոցը հիմնադրամին է փոխանցել 400 հազար դրամ:


Ամալյա Առաքելյան