Մենք թուրքին զիջելու ոչինչ չունենք, ազատագրված հայրենիքի ամեն մի թիզ հողը ներծծված է մեր զավակների արյամբ․ Ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հայր
Մենք թուրքին զիջելու ոչինչ չունենք, մենք պահել ենք ու պահելու ենք մեր երկիրը, մեր ազատագրված հայրենիքի ամեն մի թիզ հողը, որը ներծծված է մեր եղբայրների, մեր քույրերի, մեր զավակների արյամբ, երբեք ու երբեք չի կարող սակարկման ու զիջման առարկա լինել:
Այսօր Ազատության հրապարակում «Արցախցին ես եմ, որոշողը ես եմ» խորագրով հանրահավաքի ժամանակ իր ելույթում նման հայտարարություն արեց Ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ հողերի հարցը մեզ համար մեկընդմիշտ ու վերջնական լուծված է, այդ հարցը լուծել են հայ ազատամարտիկն ու հայ զինվորը։
«Առաջինը՝ հայ զինվորն ու կամավորականը լուծել են այդ հարցը իրենց կյանքի գնով, և այսօր դրանք մեզ համար սրբազան տարածքներ են, սրբազան հայրենիք, իսկ մարդիկ իրենց սրբությունները երբեք չեն զիջում։ Մենք այսօր ուժեղ ենք, մեր բանակը հզոր է, մեր հայրենիքն ամուր է, և սա է թուրքին խաղաղություն պարտադրելու մեր բանաձևը։ Երկրորդը՝ հայն իր ազգային նպատակներին հասնելու համար երկու կարևոր ճանապարհ ունի՝ առաջինը սահմանին կանգնած մեր զինվորի անվտանգությունն է, մեր բանակի շարունակական հզորացումն ու զարգացումը: Սահմանին կանգնած մեր զինվորը միշտ պետք է զգա իր թիկունքի ամրությունը, ու ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ, մեզնից յուրաքանչյուրը, ով հնարավորություն ունի, գոնե մեկ անգամ պիտի անցնի սահմանով, լինի զինվորի կողքին, զինվորին տա իր ջերմությունն ու աջակցությունը, ու այդ դեպքում, ես ձեզ հավատացնում եմ՝ զինվորը պատրաստ կլինի մեզ, մեր հայրենիքին տալու իր սերն ու ուժը»,- ընդգծեց Ատոմ Զոհրաբյանը։
Վերջինս կարևոր է համարում նաև ազատագրված հայրենիքի վերահայացումն ու վերաբնակեցումը: Նա շեշտեց՝ այդ տարածքները միայն ազատագրված հողեր չեն, այլ սրբազան հայրենիք են, որոնք պետք է վերաբնակեցվեն․ «Եթե երբևիցե անցել եք մեր ազատագրված հայրենիքի այդ շրջաններով՝ Քարվաճառով, Քաշաթաղով, Որոտանով, Կորսականով, Ջրանակով և մեր մյուս բոլոր շրջաններով, հաստատ տեսել ու համոզված եք, որ մեր հայրենիքի այդ շրջաններում ապրող մեր հայրենակիցների համար լոկ տարածքներ ու հողեր չեն, դրանք այլևս սրբազան հայրենիք են: Մեր հայրենիքի այդ հատվածներում այսօր սերունդ է մեծանում, այդ սերունդն այսօր բանակ է զորակոչվում, և այդ սերունդը պատրաստ է այսօր զենքը ձեռքին պաշտպանելու Արցախյան ազատամարտի տարիներին իրենց պապերի, հետագա բոլոր տարիներին, Ապրիլյան պատերազմի օրերին իրենց զոհված եղբայրների պահած հայրենիքը, իրենց տունը, իրենց օջախը, իրենց ընտանիքը»,- շարունակեց նա։
Ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հայրը հիշեց, որ պատերազմի օրերին 18-20 տարեկան տղաները, իրենց հրամանատարները հավատարիմ եղան, հավատարիմ եղան այն մի թիզ հողին, որը կոչված էին պաշտպանելու։
«Գիտակցաբար ընտրեցին այն ճանապարհը, հայրենիքը պահելու այն ուղին, որն իրենց տարավ դեպքի երկինք՝ ժամեր շարունակ կռիվ տալով իրենց դիրքի, իրենց վստահված հենակետի համար: Սա գիտակցված ընտրություն էր, և այստեղ տարիքը կապ չունի: Եվ այսօր, երբ ես երբեմն մտովի, երբեմն բարձրաձայն երկխոսում եմ իմ տղայի հետ, ես անգամ փորձ չեմ անում իրենց նախատելու: Ես իրեն մի բան եմ ասում. ասում եմ՝ տղա՛ս, ես ընդունում եմ քո ընտրությունը, ես հարգում եմ քո ընտրությունը, ես խոնարհվում եմ քո ու քո ընկերների, մարտական ընկերների կատարած ընտրության առաջ, ու որպես ծնող, որպես հայր՝ ես քեզ խոստանում եմ՝ մինչև իմ ապրելիք օրերի վերջը ես տեր եմ կանգնելու քո ընտրությանը»,- եզրափակեց Ատոմ Զոհրաբյանը։










