Ներկա պահին ուսումնասիրություն եմ իրականացնում ԵՊԲՀ-ում. ՊՎԾ պաշտոնյան հերքել է իր ձերբակալության մասին տեղեկությունը

14:48 • 26.02.19

ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության պետ Դավիթ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է իր ձերբակալության մասին տեղեկությունները:

«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»,-գրել է ՊՎԾ պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ  ձերբակալվել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակից, այդ թվում՝ երկու վարչությունների պետեր:

Tert.am-ի հետ զրույցում ՊՎԾ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեժլումյանն ասել էր, որ տեղեկություն չունի աշխատակիցների ձերբակալության վերաբերյալ:

ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ մեկնաբանություն չի տալու.«Այս պահին ԱԱԾ–ն պարզաբանում չի տալիս: ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»: