Ես մեր սիրելի գործընկեր ԱԱԾ-ի հետ երբևէ առնչություն չեմ ունեցել, ինչ վերաբերում է հորեղբորս տղային, չեմ կարող տեղեկություն հաղորդել այլ պաշտոնյայի մասին. Դավիթ Ադյան

15:37 • 26.02.19

ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանն Ազգային անվտանգության ծառայությունում չի եղել, ձերբակալված չի եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ադյանը, անդրադառնալով այն լուրերին, որ երեկ գիշեր ԱԱԾ-ն ձերբակալել է իրեն:

«Ես մեր սիրելի գործընկեր ԱԱԾ-ի հետ երբևէ առնչություն չեմ ունեցել, երբևէ այդ շենք մուտք գործած չկամ»,-ասաց Ադյանը:

Դիտարկմանը, թե իր հորեղբոր որդու՝ Սամվել Ադյանին ձերբակալելու մասին ևս լուրեր կան, Դավիթ Ադյանն ասաց. «Ինչ վերաբերում է իմ հորեղբոր տղային, որը գնումների ոլորտի վերահսկողության պետի ԺՊ-ն է,  խնդրում եմ նրա հետ կապված պարզաբանումներ և նորություններ ունենալու համար դիմեք ՊՎԾ-ի լրատվականին, քանի որ այլ ստորաբաժանման պաշտոնյայի վերաբերյալ ես չեմ կարող տեղեկություն հաղորդել: Իմ վերաբերյալ կարող եմ ասել, որ ես որևէ ԱԱԾ-ի հետ որևէ առնչություն չեմ ունեցել, ես շարունակում եմ աշխատել»:

Հարցին, թե անգամ ստորաբաժանման հետ կապված քրեական գործ չկա ԱԱԾ-ում, նա ասաց՝ ոչ, չկա որևէ գործ:

Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, որ ՊՎԾ չորս պաշտոնյա ձերբակալվել է:

ԱԱԾ-ն ու Պետական վերահսկողական ծառայությունը չեն պարզաբանում ՊՎԾ-ի չորս աշխատակցի ձերբակալության մասին լուրը: ԱԱԾ-ից Tert.am-ին հայտնեցին, որ այս պահին չեն պարզաբանում, սակայն  ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: