Baring Vostok հիմնադրամը լոնդոնյան դատարանի միջոցով 17 մլրդ ռուբլի է պահանջում բանկիր Արտյոմ Ավետիսյանից

23:58 • 26.02.19

Լոնդոնի դատարանում բանկիր Արտյոմ Ավետիսյանի դեմ Baring Vostok հիմնադրամի ներկայացրած հայցերով պահանջվող գումարը կազմում է շուրջ 17 մլրդ ռուբլի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

«Տասնյակ գործարքներով Baring Vostok-ը Լոնդոնի դատարանում 17 մլրդ ռուբլու հայց է ներկայացրել Ավետիսյանի դեմ»,- ասել է գործակալության աղբյուրը՝ մասնավորեցնելով, որ դատական գործընթացն անգլիական ատյանում շարունակվում է ոչ առաջին տարին:

Baring Vostok հիմնադրամի հիմնադիր, ամերիկացի Մայքլ Կալվին, որը Ռուսաստանում ձերբակալվել է «Վոստոչնի» բանկից 2.5 մլրդ ռուբլի յուրացնելու գործով, ավելի վաղ Ավետիսյանին մեղադրել էր «Յունիաստրում» բանկից նախքան «Վոստոչնի» բանկի հետ միաձուլումը միջոցներ դուրս բերելու մեջ:

Լոնդոնյան դատարանում քննվող վեճի առարկան Ավետիսյանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող բանկից նախքան «Վոստոչնիի» հետ միաձուլումը զգալի գումարի դուրսբերումն է կեղծ գործարքների միջոցով: