Տիգրան Հարությունյանը դիմել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին

18:11 • 26.02.19

Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել հաղորդավար Տիգրան Հարությունյանը։ Այս մասին նա հայտնեց Tert.am-ի հետ զրույցում։

«Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի մրցույթին դիմելու շարժառիթը բազմաթիվ գործընկերներիս հորդորներն ու խնդրանքներն էին»,-ասաց Տիգրան Հարությունյանը։

Հարցին, թե պաշտոնը ստանձնելու դեպքում ի՞նչ է պատրաստվում փոխել հիմնարկում, Տիգրան Հարությունյանն ասաց. «Բնականաբար ունեմ ռազմավարական ծրագիր, որն այս պահին հրապարակելը անլուրջ կլինի, քանի որ մրցույթը նոր է մեկնարկել։ Եթե ընտրվեմ, ծրագիրը կներկայացվի հանրությանը, կդրվի քննարկման։ Բայց գիտեմ մի բան, որ Հանրային ռադիոն պետք է պահպանի իր երբեմնի համբավը, հռչակը և պետք է վերականգնի իր դերն ու նշանակությունը հասարակության մեջ»։

Հաղորդավարը նաև նշեց, որ այս տարիների ընթացքում նա Հանրային ռադիոն պարբերաբար ներկայացրել է տարբեր հարթակներում և քաջ գիտակցում է ռադիոյի դերն ու նշանակությունը. «Հանրային ռադիոն պետք է համապատասխանի 21-րդ դարի չափանիշներին»։

Ի դեպ, հաղորդավարը նշեց, որ այս տարի կլրանա իր՝ Հանրային ռադիոյում աշխատելու 30-ամյակը։

Նշենք, որ փետրվարի 25-ին Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու մտադրություն էր հայտնել Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը։ 

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել։

Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև մարտի 4-ը։