Հայիթիում բողոքի ցույցերի ժամանակ 26 մարդ է զոհվել. կան տասնյակ տուժածներ

07:06 • 26.02.19

Հայիթիումշարունակվող բողոքի ակցիաները հանգեցրել են 26 մարդու մահվան, տուժել է ևս 77-ը: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, թվիթերյան էջում հայտնել է Ամերիկյան պետությունների կազմակերպության մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը:

Հայտարարությունում նշվում է, որ հանձնաժողովը դիտարկում է բռնության ակտերը, որոնք Հայիթիում սկսվել են փետրվարի 7-ին: «Հանձնաժողովը հաստատում է իր անհանգստությունը ստեղծված իրավիճակի համար, որի հետևանքով այսօրվա դրությամբ կա առնվազն 26 զոհ և 77 տուժած», - ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայիթիում բողոքի ցույցերը սկսվել են փետրվարի 7-ից: Ցուցարարները, որոնց հիմնական մասը երկրի ամենաաղքատ թաղամասերի բնակիչներն են, պահանջում են նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականը: Վերջինս հայտարարել է, որ հրաժարական չի տալու և պատրաստակամություն է հայտնել երկխոսել դժգոհող քաղաքացիների հետ: