Հնդկաստանը խոցել է Պակիստանի տարածքից արձակված անօդաչուն

18:26 • 26.02.19

Պակիստանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքը խոցվել է Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում: Այս մասին հայտնում է TАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանական աղբյուրին:

Հնդկաստանի իշխանություններն ու անվտանգության ուժերը դեռևս չեն մեկնաբանել անօդաչուի ոչնչացումը: Հնդկական հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչուի բեկորներն ընկել են Նանգհադադ բնակավայրի մոտակայքում: Ոստիկանությունը սկսել է հետաքննել միջադեպը:

Ավելի վաղ Հնդկաստանը տեղեկացրել էր պակիստանյան «Ջաիշ-Է Մուհամմադ» («Մուհամմադի բանակ») խմբավորման գրոհայինների խոշորագույն ճամբարի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մասին:

Նյու Դելին Իսլամաբադին մեղադրում է պակիստանյան տարածքում կենտրոնացած խմբավորմանն աջակցելու մեջ, որն ստանձնել էր հնդիկ ուժայինների ավտոշարասյան վրա իրականցված հարձակման պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 14-ին՝ դառնալով 45 մարդկային կորստի պատճառ: