Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը կդադարի գործել ապրիլի 7-ից

10:57 • 26.02.19

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը կփակվի ապրիլի 7-ին և կտեղափոխվի նոր՝ Ստամբուլի թվով երրորդ օդանավակայանի շենք, գրում է diken.com.tr կայքը:

Աղբյուրը նկատում է, որ նորակառույց «Ստամբուլ» օդանավակայանի՝ քաղաքացիների համար բացումը հոկտեմբեր ամսից ի վեր հետաձգվում է արդեն երրորդ անգամ: Առաջին անգամ այն հետաձգվել էր մինչև դեկտեմբերի վերջ, այնուհետև՝ մարտի 3, նախօրեին էլ հայտնի է դարձել, որ նոր օդանավակայանը կգործի ապրիլի 7-ից ոչ շուտ:

Նշվում է, որ այդ օրը Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը ամբողջությամբ կդադարեցնի իր աշխատանքը:

Անցյալ տարի Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, դիմելով երկրի տրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսլանին, հայտարարել էր, որ իշխանություններն իրենց կառուցած կամուրջներով, ճանապարհներով ու այլ շինարարական նախագծերով հպարտանալու փոխարեն, պետք է պատասխան տան Ստամբուլի էկոհամակարգն ամբողջովին խախտելու համար: