Իսպանիայում НТВ հեռուստաալիքի նախկին տնօրենի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

13:20 • 26.02.19

Իսպանիայում ռուսական НТВ հեռուստաալիքի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Իգոր Մալաշենկոյի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբում հանգուցյալի նախկին գործընկեր Տիմուր Վալեևը:

«Որքանով հասկանում եմ՝ քրեական գործ է հարուցվել, և այժմ քննարկվում են գործի վարման մանրամասները: Եթե գործը վարի Իսպանիայի ոստկանությունը, այդ ամենը (հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը) կձգձգվի»,-ասել է Վալեևը:

Նա նաև պատմել է, որ այս գիշեր Իսպանիա է ժամանել Մալաշենկոյի կինը՝ Բոժենա Ռինսկան, և արդեն գործի առնչությամբ զրուցել է ոստիկանության աշխատակիցների հետ:

Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայում հայտնաբերվել էր մեդիամենեջերի դին: Նախնական տվյալներով՝ Մալաշենկոն ինքնասպանություն է գործել:

Մալաշենկոն НТВ հեռուստաալիքի համահիմնադիրներից է, զբաղեցրել է հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնը: 1996թ.-ին դարձել է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի նախընտրական շտաբի կազմակերպիչներից մեկը, իսկ 22 տարի անց ղեկավարել է հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբը: