«Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը ողջ են». ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

13:33 • 26.02.19

Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան, ողջ են և գտնվում են անվտանգ վայրում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն, գրում է gazeta.ru-ն:

«Ես կարող եմ հաստատել, որ նրանք ողջ են»,- ասել է դեսպանը:

Նա նաև նշել է, որ Սկրիպալները չեն ցանկանում հանդիպել ՌԴ դիվանագետների հետ, և ըստ իրեն՝ «այդքան էլ բարդ չէ հասկանալ, թե ինչու Սկրիպալները չեն ցանկանում հանդիպել ռուսական կողմի ներկայացուցիչների հետ»:

Բրիսթոուն հավելել է, որ Մեծ Բրիտանիան կողջունի ՌԴ-ի կողմից Սկրիպալների թունավորման գործով ենթադրյալ մասնակիցների մասին տեղեկության տրամադրումը, սակայն մտադիր չէ համատեղ հետաքննություն իրականացնել:

Օրեր առաջ հայտնի է դարձել, որ Սերգեյ Սկրիպալի մայրը՝ Ելենան, ոստիկանություն է դիմել իր որդուն ու թոռանն անհայտ կորած ճանաչելու մասին խնդրանքով:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսման համար ՌԴ-ում դատապարտված Սերգեյ Սկրիպալն ու իր դուստրը 2018-ի մարտի 4-ին անգլիական Սոլսբերի քաղաքում թունավորվել էին իրենց տան բռնակին քսված նյարդապարալիտիկ նյութով:

Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Մոսկվան: Ռուսաստանը կտրուկ հերքում է մեղադրանքը:

Ավելի ուշ բրիտանական կողմը հայտարարել է, որ Սկրիպալների թունավորման գործում գլխավոր կասկածյալներ Ալեքսանդր Պետրով ու Ռուսլան Բոշիրով անուններով ներկայացող անձինք Գլխավոր հետախուզական վարչության գաղտնի գործակալներ են: