Սա քաղաքական հետապնդում է մայր բուհի նկատմամբ. Ռուբեն Մելիքյանը՝ Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջի մասին

15:34 • 26.02.19

Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ այս բուհի շուրջ տեղի են ունենում շատ մութ պրոցեսներ և դրանք այլ կերպ, քան քաղաքական ճնշումները որակել հնարավոր չէ. Նման հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը՝ ԵՊՀ-ում կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում:

Նա նշեց, որ հունվարի 21-ին նոր Հայաստանի կողմից ձևավորված բուհի հոգաբարձուների խորհուրդն իր դրական եզրակացությունն է տվել բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի կատարողականին: «Նրանք դրական են գնահատել Արամ Սիմոնյանի աշխատանքը, իսկ  անցյալ ուրբաթ, ինչ-որ գաղտնիության պայմաններում, նույն խորհրդի անդամները գաղտնի կերպով նախաձեռնել են խորհրդի նիստ և բարձրացրել են նույն ռեկտորի պաշտոնանկության հարցը»,- ասաց նա և նշեց, որ ռեկտորի պաշտոնանկությանը հարցը քննարկելու են ամսի 28-ին ժամը 11-ին:

Նա ընդգծեց, որ վարչապետի օրինակով իրենք այդ օրը փորձելու են շրջափակել բուհը և խանգարել նրանց:

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ իր համար սա խիստ անհանգստացնող երևույթ է: «Ես այս հարցը դիտարկում եմ առաջին հերթին իրավական մշակույթի տեսանկյունից: Մարդիկ, որ նոր գործընթաց են ստեղծում, բոլորիս խնդիրն է փորձել մարդկանց սխալները ցույց տալ: Ես հույս ունեմ, որ մարդիկ կվերադառնան դեպի իրավական ճանապարհ: Այս իրավիճակը իրավական վակուում է: Մայր բուհի ռեկտորին պաշտոնանկ անելու հարց է բարձրացվում խորհրդի կողմից»,- ասաց նա և նշեց, որ դեռ պետք է պարզեն՝ ով է հրավիրել այդ նիստը:

ԵՊՀ խորհրդի նիստ պետք է հրավիրի կամ խորհրդի նախագահը, կամ խորհրդի կազմի մեկ երրորդը:

«Ինչո՞ւ այդ մասին հասարակությունը չի տեղեկացվել, դա անկարևոր հարց էր: Խնդիր է, որ մայր բուհի, ինչպես նաև մյուս բուհերի կառավարման խորհրդի 50 %-ը նշանակվում է կառավարության կողմից: Այսինքն` պատկերացնում ենք, որ ցանկացած պահի հնարվոր է  բուհի կառավարիչ փոխել»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը:

Նա ընդգծեց, որ անձինք կարևոր չեն: «Մենք խոսում ենք սկզբունքների մասին, ինչ սկզբունքով պետք է գործի մայր բուհի ղեկավարությունը: Ընդունենք` նախկինում ամեն ինչ վատ է եղել, ինչո՞ւ եք դուք շարունակում: Այս իրավիճակն անընդունելի է, պետք է պարզաբանում տրվի` ո՞վ է հրավիրել նիստը, ի՞նչ հիմքերով է այն հրավիրվել, արդյոք իրավական առումով ընդունելի՞ է,  որ խորհուրդը քննարկի ռեկտորի հրաժարականի հարցը: Հիմա չենք կարող այլ բան ասել, քան որ սա քաղաքական հետապնդում է»,- ասաց Մելիքյանը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն էլ, ով նույնպես ներկա էր ակցիային, Tert.am- ի հետ զրույցում նշեց, որ ԿԳ նախարարն ակնհայտ ասաց, որ ԵՊՀ ռեկտորը պետք է հեռանա: «Սա ակնհայտ քաղաքական որոշում է: Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցի կողմից եղել է կանխավ արված հայտարարություն, հենց սկզբից եղել է այդ գործընթացը, որը բացարձակապես կապ չունի ռեկտորի ակադեմիական ունակությունների հետ, դա ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- ասաց նա և հավելեց, որ նրանց կհաջողվի փոխել Արամ Սիմոնյանին:

«Նրանք կհասնեն  իրենց նպատակին և Արամ Սիմոնյանն այլևս չի պաշտոնավարի»,- ասաց նա:

Ամալյա Առաքելյան