Հյուսիսային պողոտայում կբացվի Segafredo Zanetti Espresso-ի 4-րդ սրճարանը. Հայաստանում է ընկերության գործադիր տնօրենը

20:00 • 27.02.19

Segafredo Zanetti Armenia-ն շուտով իր սրճարանային ցանցը կհամալրի ևս մեկով, ինչը երկար սպասված ու ցանկալի նորություն է սեգաֆրեդո սուրճի սիրահարների համար: Չորրորդ  Segafredo Zanetti  Espresso-ն կգործի Հյուսիսային պողոտայում: Հենց այդ նպատակով Հայաստան է ժամանել Segafredo Zanetti  Espresso ընկերության գործադիր տնօրեն Հան Հյուբերթը:

Ամիրյան 3/37 հասցեում գտնվող Segafredo Barista Academy-ում նա հանդիպեց աշխատանքային թիմին ու հետաքրքիր զրույց ունեցավ: Թեև Հյուբերթը Հայաստանում շատ անգամ է եղել, բայց  Բարիստա ակադեմիայում առաջին անգամ էր: Ասաց՝ տպավորված է:

«Վերջին 10 տարիների ընթացքում ես շատ անգամ եմ այցելել Հայաստան և շատ լավ հիշողություններ ունեմ այստեղից: Նախևառաջ, տպավորված եմ ձեր երկրի գրավչությամբ: Այս անգամ իմ այցի նպատակը նոր սրճարանի բացումն է, որը բարեբախտաբար, վերջինը չի լինի: Մենք ջանք չենք խնայում Segafredo-ի սրճարանային ցանցը զարգացնելու ուղղությամբ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Segafredo Zanetti  Espresso-ն  մաս է կազմում Masimo Zanetii ընկերության, որն իր մեջ ներառում է 46 այլ սրճային բրենդեր:

«Սեգաֆրեդոն մի ցանց է, որն ունի դեսպաններ տարբեր երկրներում: Նրանց միջոցով էլ տարածում ենք իտալական սուրճի մշակույթն ամբողջ աշխարհում՝ Իտալիայի մի մասնիկը մոտեցնելով աշխարհին: Յուրաքանչյուր իտալացի կարևորում է սուրճն ու դրա տարածումը ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում»,-նշեց Հյուբերթը:

Segafredo Zanetti  Espresso սրճարաններ կան աշխարհի 70 երկրում: Ընդհանուր առմամբ գործում է 460 սրճարան:

Տարեկան Segafredo Zanetti  ընկերությունն արտադրում է 160 000 տոննա սուրճ՝ հումքը ստանալով սեփական պլանտացիաներից, որոնք սփռված են աշխարհով մեկ: Մինչև սպառողի սեղանին հասնելը սուրճն անցնում է մշակման երկարատև գործընթաց: Ընկերության տնօրենը կիսվեց որոշ գաղտնիքներով:

 «Ամեն ինչ սկսվում է սուրճի կանաչ հատիկներից, երբ դրանք դեռ անհաս են: Պետք է մանրակրկիտ ընտրել հատիկները, որոնք հետո տեղափոխվում են գործարաններ: Այնտեղ առանձնացվում են լավագույն հատիկները, համտեսվում են, այնուհետև փաթեթավորվում: Ամբողջ աշխարհում կա սեգաֆրեդո սուրճի թվով 40 գործարան: Մեր ամենամեծ գործարանն ԱՄՆ-ում է»,-ասաց Հան Հյուբերթը:

Հյուբերթի համոզմամբ՝ սուրճի ու կրքի միջև շատ մեծ կապ կա: Ինքն անձամբ սուրճի մոլի սիրահար է. «Հենց դա է, որ 24 տարի պահում է ինձ այս գործի մեջ: Իմ ամենասիրելի սուրճն էսպրեսոն է, քանի որ նրանում խտացված է սուրճի իրական համը»:

Հեծանվավազքի, բասկետբոլի և այլ մարզաձևերի սիրահար, միաժամանակ արվեստով և գրականությամբ հետաքրքրված Հյուբերթը փաստում է՝ սուրճը նույնքան գրավիչ ու հետաքրքիր բաղադրիչ է իր կյանքում: Առհասարակ, նրա խոսքով, մարդիկ, որոնք ոգեշնչված են արվեստով, սպորտով, նույնքան սիրահարված են սուրճին:

Ի դեպ նշենք, որ Segafredo-ն հովանավորչական մեծ գործունեություն է ծավալում սպորտի, արվեստի, գրականության ոլորտներում: