Տավուշի մարզի Վազաշեն գյուղում հանքի շահագործման նպատակով հրավիրված հանրային լսումները չեղարկվել են

16:28 • 27.02.19

Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում հանքի շահագործման նպատակով այսօր հրավիրված հանրային լսումները չեղարկվել են: Վազաշենի գյուղապետարանի մոտ հավաքված հանքի շահագործմանը դեմ բնակիչները կոչ են արել համայնքապետարանին չտալ համաձայնություն հանքի շահագործմանը:

Վազաշեցիներին էին միացել նաև մարզի այլ բնակավայրից բնակիչներ, նաև բնապահպան ակտիվիստներ, ովքեր հայտարարել են, որ պետությունն արդեն բավականին հանքեր ունի և  Տավուշում հանք չի լինելու:

Մինչդեռ գյուղի բնակիչների մի մասը հայտարարել է, որ հանքի շահագործմանը կողմ են, քանի որ աշխատատեղեր կբացվեն և տեղացիները ստիպված չեն լինի մեկնել արտագնա աշխատանքի:

Նշենք, որ հանրային լսումները վերաբերվում էին համայնքի տարածքում երկրաբանական հետազոտություններ անցկացնելուն, որին մասնակցելու էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետները: «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ն Վազաշենի Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացրել: