Վենեսուելայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ԱԽ-ում ասել է՝ ինչ է եղել Կոլումբիայի հետ սահմանին այրված բեռնատարներում (լուսանկարներ)
Վենեսուելայի և Կոլումբիայի սահմանին հումանիտար օգնություն բերած բեռնատարները լի են եղել բարիկադներ կառուցելու գործիքներով: Ինչպես գրում է lenta.ru-ն, այդ մասին հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթի ժամանակ:
Արրեասայի խոսքով՝ բեռնատարներից մեկը հրդեհվել է Կոլումբիայի կողմից՝ «Մոլոտովյան կոկտեյլի» միջոցով: Բեռնատարում դեղամիջոցներից և ուտելիքից բացի բարիկադներ կառուցելու համար գործիքներ, մետաղալարեր, փշալարեր և զենքի համար մեխեր են եղել:
Նախարարը հավելել է, որ սահմանին ցուցարարների նկատմամբ մահացու զենք չի կիրառվել, իսկ անկարգությունների հետևանքով տուժածների մեծ մասը զինվորներ, ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ են:
Հիշեցնենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Վենեսուելայի սահման էին ժամանել փետրվարի 23-ին: Այդ օրն ընդդիմությունը փորձել է կազմակերպել մարդասիրական օգնության մուտքը Վենեսուելա, սակայն փորձը չէր հաջողվել, և սահմանին բախումներ էին գրանցվել:
Ավելի ուշ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական կապերի խզման մասին և հրամայել կոլումբացի դիվանագետներին 24 ժամվա ընթացքում լքել երկրի սահմանները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն երկիր ժամանած օտարերկրացի խորհրդարանականներին ու երիտասարդ քաղաքական գործիչներին ցույց էր տվել տեսանյութերի շարք, որոնք ապացուցում են ընդդիմության՝ փետրվարի 23-ի «հանցանքները»
Հիշեցնենք, որ հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթացել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է հռչակել, ինչից հետո նրա կարգավիճակը ճանաչել են ԱՄՆ-ն, արևմտյան բազմաթիվ երկրներ, Բրազիլիան, Կանադան, Կոլումբիան և այլն, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանն ու Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին, որի պնդմամբ՝ ինքն ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձի զոհն է:











