Հնարավոր է՝ ուսուցիչների աշխատավարձերը սեպտեմբերից բարձրանան․ Արայիկ Հարությունյան
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մոտ 3 ժամ տևած հանդիպումն ավարտվեց, սակայն սա ԱԺ մեծամասնության հետ նախարարի վերջին հանդիպումը չէ։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատասխանել է 15-ից ավել պատգամավորների հարցերի, սակայն դեռ շատ հարցեր կան։
«Մարտի 19-ին կրկին հանդիպում կլինի, քանի որ ոլորտը մեծ է, շահառուների թիվը մեծ է, և հարցերն էլ շատ են»,- ասաց նա։
Հարությունյանի խոսքով՝ խորհրդարանականների հետ քննարկման ընթացքում թիրախում են եղել դպրոցի հետ կապված խնդիրները՝ ծրագրերը, չափորոշիչները, ուսուցիչների վերապատրաստումը, տնօրենների ընտրության կարգը և այլն։
«Կրթության ոլորտում վայրիվերումներ» կան արդեն վերջին 9 ամսում, քանի որ այն ռեֆորմները, որոնք իրականացնում ենք, այն, ինչի մասին խոսում ենք, նոր են, ցավոտ են և պետք է դրան առերեսվենք»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը։
Նախարարը, անդրադառնալով ուսուցիչների դժգոհություններին՝ կապված աշխատավարձի ցածր լինելու հետ, նշեց, որ աշխատավարձի բարձրացման հետ կապված քննարկումներ կան։
«Թե՛ վարչապետը, թե՛ ես բազմիցս հայտարարել ենք, որ հարցն օրակարգում է ու առաջնային խնդիրներից է։ Ամբողջական համակարգը՝ նույն դրույքների հետ կապված, ուշադրության կենտրոնում է, երեկ էլ նաև մարզպետների հետ այս հարցով քննարկում ենք ունեցել, և վերջնական հասկանալուց հետո կանդրադառնանք աշխատավարձի բարձրացմանը։ Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձը բարձրացնելու հարցը»,- շեշտեց նախարարը։
Սակայն Հարությունյանը խուսափեց ասելուց, թե ինչ չափով են մտադիր բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը։ Նրա խոսքով՝ աշխատավարձի բարձրացման միջոցներն այս պահին հստակեցվում են, կլինեն նաև խնայողությունների հաշվին։
«Ինչպես գիտեք, մենք իրականացնում ենք «Ուսուցիչ» նախագիծը, որը սեպտեմբերից կլինի։ Ուսուցիչների վերապատրաստման մի համակարգ ենք դնելու, որի արդյունքում վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։










