Թուրքիայում հայկական եկեղեցու դեմ վանդալիզմի դեպքից հետո այժմ էլ ազգայնականների թիրախում է հայտնվել հունական գերեզմանատունը

10:19 • 27.02.19

Թուրքիայում շարունակվում են ազգայնական հարձակումները կրոնական փոքրամասնությունների համայնքային օբյեկտների դեմ:


Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Բալաթ թաղամասում հայկական Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի ակտի դրսևորման դեպքից հետո նախօրեին անհայտ անձինք հայհոյանքներ են գրել Քադըքյոյ շրջանում գտնվող հույն ուղղափառ գերեզմանատան մուտքի մոտ:

Լրագրող, գրող և իրավապաշտպան Սեյֆի Գենչը Twitter-ի իր էջում հայտնել է, որ դեպքի առնչությամբ ահազանգել է ոստիկանություն: Կարճ ժամանակ անց իրավապահ մարմինները, արձագանքելով իր ներկայացրած բողոքին, հայտնել են, որ հետաքննություն անցկացնելու կարիք չեն տեսնում, քանի որ չեն կարծում, թե առկա է քաղաքական գործոն:

«Փաստորեն, եթե չկա քաղաքական դրդապատճառ, գերեզմանոցում հայհոյանք գրելը լիովին թույլատրելի է՝ այն աստիճան, որ ոստիկանությունը կարիք չի գտնում որևէ գործողություն նախաձեռնել: Եթե դա պատահեր մահմեդական գերեզմանատանը, իրավիճակն ա՞յլ կլիներ», - գրել է Գենչը:

Նա հավելել է, որ այսօր վաղ առավոտյան նույն վայրով անցնելիս արձանագրել է, որ ոստիկանությունը դեպքի վայրում չի եղել, ոչինչ չի հետազոտել, իսկ գրությունն այդպես էլ չի մաքրվել:

Հիշեցնենք, որ օրերս անհայտ անձինք հայկական եկեղեցու պատերին «ձեր վերջը եկել է» և այլ տեսակի գրառումներ էին թողել: