Մադուրոն օտարերկրյա հյուրերին երկրի ընդդիմության ու Կոլումբիայի «հանցանքներն ապացուցող» տեսանյութեր է ցուցադրել

11:02 • 27.02.19

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն երկիր ժամանած օտարերկրացի խորհրդարանականներին ու երիտասարդ քաղաքական գործիչներին ցույց է տվել տեսանյութերի շարք, որոնք, ըստ նրա, ապացուցում են ընդդիմության՝ փետրվարի 23-ի «հանցանքները», գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Ավելի վաղ ունեցած ելույթի ընթացքում Մադուրոն մեղադրել է Կոլումբիային և վենեսուելական ընդդիմությանը հատուկ հանցախմբերի ստեղծման համար, որոնք գործել են երկրի սահմանին փետրվարի 23-ին: Այդ օրն ընդդիմությունը փորձել է կազմակերպել մարդասիրական օգնության մուտքը Վենեսուելա, սակայն փորձը չի հաջողվել, և սահմանին բախումներ են գրանցվել: Մադուրոյի խոսքով՝ Կոլումբիայում հատուկ մարդկանց են վարձել, որոնք եկել են Կուկուտա սահմանամերձ քաղաք:


Ցուցադրվել է 3 հոլովակ: Առաջինում դեմքերը ծածկած մի խումբ անձինք Վենեսուելայի ոստիկանների ու զինվորականների վրա են նետում «Մոլոտովյան կոկտեյլներ»: Երկրորդ հոլովակում ցուցադրվում է վայրը, որտեղ պատրաստում են «Մոլոտովյան կոկտեյլները»: Երրորդում՝ մարդասիրական օգնությամբ այրված բեռնատարը: «Ո՞վ է այրել, (Կոլումբիայի նախագահ - Tert.am) Իվան Դուկեի հանցագործները, նրա՛նք են այրել իրենց սեփական բեռնատարները»,- ասել է Վենեսուելայի գործող նախագահը:


Մոխրի մեջ եղել են ամրաններ, մետաղալարեր, մեխեր: Ըստ Մադուրոյի՝ սա ապացույցն է նրա, որ Կոլումբիան ու ԱՄՆ-ն, բեռնատարներ ուղարկելով Վենեսուելա, մարդասիրական նպատակներ չեն հետապնդել:


Հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ է հռչակել, ինչից հետո նրա կարգավիճակը ճանաչել են ԱՄՆ-ն, արևմտյան բազմաթիվ երկրներ, Բրազիլիան, Կանադան, Կոլումբիան և այլն:

Մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանն ու Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին, որի պնդմամբ՝ ինքն ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձի զոհն է: