Արթիկի ոսկերչական խանութում ավազակային հարձակում կատարած անձը՝ Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյանը, ձերբակալվել է

14:58 • 27.02.19

Փետրվարի 27-ի առավոտյան Արթիկի Աբովյան փողոցում ոստիկանության պարեկապահակետային ծառայողները շրջայցի ժամանակ ոսկերչական խանութի դիմաց նկատել են դանակը ձեռքին դիմակավոր մի տղամարդու. ավազակային հարձակում էր կատարվում:

Դիմակավոր անձն արդեն վնասած է եղել խանութի տիրոջ ձեռքը: Իրավապահները գործել են արագ ու պրոֆեսիոնալ: Ձեռնամարտի հնարքների կիրառմամբ կասկածյալին վնասազերծելուց հետո պարեկայիններն ահազանգել են  ոստիկանության Արթիկի բաժին:

Հարձակում կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ էլ իրավապահները պարզել են նրա ինքնությունը` Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյան:

Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ:

Համազասպ Մնացյանը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: