Աշխարհի լավագույն ավիաընկերության մատուցած ուտեստի մեջ ուղևորը մարդկային ատամ է հայտնաբերել
Ավստրալացի Բրեդլի Բաթոնը Singapore Airlines ավիաընկերության ինքնաթիռով իրականացվող թռիչքի ժամանակ իրեն մատուցված ուտեստի մեջ մարդու ատամ է հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է SBS-ը, տղամարդը Նոր Զելանդիայից Ավստրալիա թռչելիս է եղել՝ Վելինգտոն-Մելբուրն չվերթով: Ճաշին նրան բրնձից պատրաստված ուտեստ են մատուցել: Ծամելիս ավստրալացին հասկացել է, որ ատամի տակ ինչ-որ կոշտ իր կա: Պարզվել է, որ դա մարդկային ատամի մաս է:
Ավիաընկերությունից ներողություն են խնդրել և ուղևորին 75 դոլարի արժեթուղթ են առաջարկել Duty Free-ից գնումներ անելու համար: Ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ հետաքննում են կատարվածը և փորձաքննությունից հետո անհրաժեշտ որոշում կկայացնեն:
2018-ին Singapore Airlines-ը ճանաչվել է լավագույն ավիաընկերությունն աշխարհում:










