«Դուք հզոր առաջնորդ եք, իսկ Ձեր երկիրը տնտեսական անսահմանափակ հնարավորություններ ունի». Թրամփը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը

16:23 • 27.02.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Վիետնամի մայրաքաղաք Հանոյում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման շրջանակում հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն տնտեսական «անսահմանափակ» հնարավորություններ ունի, գրում է The Guardian-ը:

«Կարծում եմ, որ Ձեր երկիրը տնտեսական անհավանական, անսահմանափակ ներուժ ունի: Իմ կարծիքով՝ Դուք ձեր երկրի հետ հրաշալի ապագա կունենաք, Դուք հզոր առաջնորդ եք»,- ասել է Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կօգնի, որ դա տեղի ունենա:

Կիմ Չեն Ընն իր հերթին ասել է, որ գագաթնաժողովի կայացման համար «շատ խոչընդոտներ» են հաղթահարվել, և հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարի հետ հանդիպման արդյունքները կբավարարեն երկու կողմերին էլ:
 
Այսօր նախատեսվում է աշխատանքային ընթրիք երկու երկրների առաջնորդների և այլ պաշտոնյաների միջև, իսկ վաղը բանակցությունները կշարունակվեն: