Թուրքիայում 2017-2018 ուսումնական տարում 92 տոկոսով աճել է համալսարանները լքած երիտասարդների թիվը

17:31 • 27.02.19

Թուրքիայի ազգային կրթության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2017-2018 ուսումնական տարում երկրում համալսարանական կրթությունն ընդհատած երիտասարդների թիվը, աճելով շուրջ 92 տոկոսով, անցել է 408 000-ը:

Ինչպես հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը, նախարարության ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ վերջին 5 տարում Թուրքիայում բարձրագույն ուսումնական հաստատություններից ինքնակամ հեռացել է 1 մլն 115 հազ. 530 ուսանող, ընդ որում՝ թիվն ամեն տարի ինտենսիվորեն աճել է:

Այդպես՝ 2013-2014 թվականն ընկած ժամանակահատվածում համալսարանական կրթությունը դադարեցրել է 135 000 ուսանող, հաջորդ տարի այդ թիվը հասել է 161 000-ի, 2015-2016 ուսումնական տարում բուհերից հեռացած ուսանողների թիվը կազմել է 197 000, մեկ տարի անց՝ 212 000:

Վերջին՝ 2017-2018 ուսումնական տարում, սակայն, համալսարանները լքած երիտասարդների թվի աճը, ինչպես երևում է զեկույցից, ռեկորդային է:

Աղբյուրը նկատում է, որ Թուրքիայում պաշտոնապես գրանցված շուրջ 4 մլն գործազուրկների ¼-ը բարձրագույն կրթություն ունի: