Իմ լեգիտիմությունը կասկածի տակ դնել ոչ ոք չի կարող, իմ պաշտոնավարման ավարտին դեռ մեկ տարի կա․ Արամ Սիմոնյան

13:46 • 28.02.19

ԵՊՀ ռեկտորի իմ լիազորությունների դադարեցման ցանկությունն առաջացել է նախարարի՝ Արայիկ Հարությունյանի և նաև իր խորհրդականի մոտ, որոնք մեր համալսարանականներն են, որոնց դուրս չի եկել իմ աշխատաոճը, իմ կողմից համալսարանի ղեկավարումը, թեև որևէ քաղաքավարությունից դուրս խոսակցություն չի եղել: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ 

«Չեմ ուզում խոսել հոգաբարձուների խորհրդի անդամների այսօրվա ելույթների կամ նրանց մտածումները, թե համալսարանն ով պետք է ղեկավարի, ինչ պետք է լինի: Դա իմ լիազորությունների մեջ չի մտնում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ինքը կուզենար, որ այսօր քննարկում լիներ, բայց միանգամայն համաձայն է հնչեցված այն տեսակետի հետ, որ օրակարգում առաջ քաշված հարցը իրավական տեսակետից կամայականություն է, որովհետև չունի լուրջ հիմնավորում:

«Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ, և իմ ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա: Իմ լեգիտիմությունը կասկածի տակ դնել ոչ ոք չի կարող, ինչքան էլ ասեն, որ նախորդ հոգաբարձուների խորհուրդը բռնապետական էր, հալածում էր և այլն: Դա ինձ համար բացարձակ հեռու էր ճշմարտությունից»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ նախկինում էլ հոգաբարձուների խորհրդի բոլոր նիստերի ժամանակ միշտ էլ բարձրացվել են հարցեր, միշտ էլ եղել են ելույթներ և նաև քննադատություն թե՛ համալսարանի ղեկավարության հասցեին, թե՛ հոգաբարձուների խորհրդի գործունեության նկատմամբ: «Ես որևէ ճնշում, անազատ վերաբերմունք իմ նկատմամբ չեմ տեսել»,- ասաց նա:

Խոսելով հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի մասին՝ Արամ Սիմոնյանն ասաց, որ իրեն շատ կոռեկտ, շատ քաղաքավարի և բանիմաց ձևով է դրսևորում: «Հոգաբարձուների խորհրդի անդամներից էլ ես որևէ թթու խոսք չեմ լսել»,- ասաց նա։

Իր հետ կապված ԵՊՀ ռեկտորը հիմա էլ շարունակում է տեսնել քաղաքական խնդիր։ «Ես 1997 թվականից Հանրապետական կուսակցության անդամ եմ, երբ դեռ Անդրանիկ Մարգարյանը նույնիսկ նոր էր ընտրվում կուսակցության նախագահ, երբ այդ կուսակցությունը փոքրաթիվ էր,- ասաց նա՝ նշելով, որ ինքը որոշել է անդամակցել  կուսակցությանը, որովհետև ունի գաղափարական մոտեցումներ, Նժդեհի գաղափարակիցն է, կարծում է, որ հայ ժողովրդի զարգացման ուղին պետք է կապված լինի Նժդեհի գաղափարների հետ,-Ես կուսակցական եմ եղել, այսօր էլ կուսակցական եմ եղել, բայց ես երբեք համալսարանում իմ դերակատարությունը չեմ խառնել իմ կուսակցական լինելու ն հետ»:

Նրա խոսքով՝ հիմքը միշտ եղել է  և լինելու է այն համոզման, որ ԵՊՀ-ը կուսակցական քարոզչության, կուսակցական խաղերի, գործունեության տեղ չի  եղել և չի կարող լինել: «Ես հավատացած եմ, որ մեր ուսանողությունն ու դասախոսների մեծ մասը մտածում են այնպես, ինչպես ես, այս կառույցը ապակուսակցական է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այսօրվա  նիստին օրակարգին, ապա նրա խոսքով, պետք է այդ հարցը հանգուցալուծվի, բայց չի կարելի դա անել բռնությամբ:

«Խոսում ենք համալսարանի հետընթացի մասին, ԵՊՀ-ն երբևէ ֆինանսական կայունություն չի ունեցել, ինչպես հիմա ունի»,- ասաց նա:

Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին՝ Պետական վերահսկողական ծառայության բացահայտումներին, նա ասաց, որ համոզված եմ, որ իր մեղքը որևէ քրեական գործի շրջանակներում չի ապացուցվի: «Ստուգումների արդյունքները, որը մեզ չի էլ տրվել ակտիվ ձևով, տրվել է տեղեկանքի ձևով, որի հիման վրա մենք տվել ենք մեր պատասխանը: Դրա վրա իրավաբաններ են աշխատել: Քանի որ իմացել ենք, որ այն օրենքի խախտումով ուղարկել են դատախազություն, մենք էլ մեր պատասխանն ենք ուղարկել դատախազություն»,- ասաց նա:

Արամ Սիմոնյանը կրկնեց՝ ինքը ինքնակամ հրաժարական չի տա: Բռնի կերպով գնալն էլ սխալ է համարում: Նա նշեց, որ որպես ռեկտոր մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է: «Ես արդեն այդ կազմակերպություններից ստանում եմ ազդանշաններ, բայց չեմ ուզում գրգռել»,- ասաց նա:

 Նա նաև հավելեց, որ պետք չէ հավատալ, որ համալսարանը ճահիճ է: Նրա խոսքով՝ համալսարանը երբեք չի ունեցել նման ֆինանսական կայունություն, երբևէ չի ունեցել այդքան միջազգային գործընկեր, տարբեր, անգամ թուրքական ռեյտինգներով՝ ԵՊՀ-ը տարածաշրջանի լավագույն 3 բուհի մեջ է մտնում:

«Իհարկե, կարող են լինել թերություններ: Երկիրը լինի տնտեսական վիճակում, Համալսարանը լինի Հարվա՞րդ»,- ասաց նա:

Անդրադառնալով  իր լիազորությունների դադարեցման խնդրին՝ Արամ Սիմոնյանը նշեց․ «Եթե ես լինեի խեղճուկրակ, եթե ես լինեի ոչ պրոֆեսիոնալ, համալսարանից ինձ հանելը  կտևեր մեկ րոպե»,- ասաց նա:

Անդրադառնալով կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ համալսարանում ունեցած իրենց հարաբերությունների մասին՝ նա նշեց, որ առանձնապես շփում չի եղել, միայն  հիշեց, որ ինքն է նրան աշխատանքի ընդունման դիմումը ստորագրել:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ էր հրավիրված, որի օրակարգի միակ հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն էր:

Նիստի ընթացքում օրակարգի փոփոխության հարցի քվեարկություն տեղի ունեցավ, որը չընդունվեց:

Օրակարգի հաստատմանը կողմ էին 15, դեմ՝ 10 խորհրդի անդամ: Օրակարգը չհաստատվեց՝ պարզ մեծամասնություն չլինելու պատճառով, նիստը հետաձգվեց: