Պետք է եղած միջոցներն արդյունավետ ծախսենք, որից հետո զուգահեռաբար մտածենք նոր միջոցներ ներգրավելու մասին․ Ն. Զեյնալյանը՝ առողջապահության ոլորտի մասին (տեսանյութ)

21:41 • 28.02.19

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նախորդ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի՝ իրեն թողած ժառանգությունից գոհ չէ։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ տարբեր մարդկանց շահերը սպասարկող նախագծեր կան շրջանառության մեջ դրված։

«Ե՛վ հինը պետք է շտկենք, և՛ նորն անենք ու գնանք առաջ, բայց հները շատ-շատ են։ Հիմա սեղանիս դրված այս հաստափոր թղթապանակները նախորդ օրինագծերն են, գործող օրենքներ են, որոնք միմյանց հակասում են, կամ թղթի վրա գրված են, բայց այդ օրենքի կիրառելիության մեխանիզմներ չկան։ Դրա համար հետողորմյա ենք անում, այսինքն՝ նորը գրելով հինը վերանայում ենք ու փորձում ենք շտկել, մեզ բավականին բարդ աշխատանք է սպասում»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ շատ հարցերում այս կամ այն օրինագծի հետ կապված, որը կարող է իսկապես օգնել ոլորտի կարգավորմանը, հանրային դժգոհությունը խանգարում է, Զեյնալյանն ասաց, որ կարող են լինել նախագծեր, որոնք  հանրային լայն քննարկման կարիք կունենան՝ կոնսենսուսի, կարծիքների փոխանակության, նեղ մասնագիտական խմբերի հետ քննարկման տեսակետից։

«Օրենքներ կան, որոնք կարող են ինտերակտիվ ընդունվել ու կիրառվել, ինչը լինում է մի շարք քաղաքակիրթ երկրներում։ Օրինակ, առողջապահության ու սոցիալական ոլորտում Գերմանիայի փորձն էինք ուսումնասիրում, որտեղ նկատեցինք, որ կան օրենքներ, որոնք ինտերակտիվ մտել են կիրառման։ Կարևոր է, որ հասարակությունն ընդունի ու հասկանա, որ սա արվել է միայն պետության շահի, ոչ թե որոշակի անհատների համար»,- շարունակեց  Զեյնալյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ առողջապահության ոլորտին հատկացվող գումարները հնարավո՞ր է ավելացվեն՝ հաշվի առնելով, որ, օրինակ, Բելառուսը ծախսում է ՀՆԱ-ի 4,1 տոկոսը, իսկ մենք՝ 1,4-ը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, թե առաջնային է արդյունավետ ծախսել եղած գումարները։

«Վերջերս Հաշվեքննիչ պալատը եզրակացություն է մեզ ներկայացրել, որտեղ նշված են բոլոր խեղաթյուրումները և հնարավոր ռիսկերը, որոնք առկա  են առողջապահության ու սոցիալական ոլորտում։ Մի քանի թվեր նշեմ․ առողջապահության ոլորտի 400 լիզենզավորված կազմակերպություններից 268-ը լիցենզավորման պահանջներին չեն համապատասխանել, կամ թերի են եղել փաստաթղթերը՝ 2017 թ․-ի հաշվետվություն է, բայց այս թերի լիցենզավորում ունեցող կազմակերպությունները պետպատվերով բուժօգնություն են ցույց տվել։

2017 թ․-ի համար սա մոտավորապես 4,5-5 մլրդ դրամ գումար է կազմել։ 410 դեղատներից 159 կա՛մ թերի են ներկայացրել փաստաթղթերը լիցենզավորման համար, կա՛մ  ընդհանրապես պատշաճ փաստաթղթավորում չեն ունեցել, բայց իրականացրել են գործունեություն»,- շեշտեց Նարեկ Զեյնալյանը։

Վերջինս գտնում է, որ նախ պետք է գնահատել, թե որքանով են արդյունավետ ծախսվում եղած գումարները, որից հետո զուգահեռաբար ավելացնել ոլորտի ֆինանսավորումը։

ՀեղինակԱնի Օհանյան