Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը. մեղադրող կողմը չի պնդել բողոքը
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դատարանի որոշման դեմ Դատախազության կողմից ներկայացված բողոքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Մեղադրող դատախազը դիրքորոշում է հայտնել, որ վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործության պատճառված վնասը վերականգնել է և քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 30-ին որոշում էր կայացրել բավարարել Վաչագան Ղազարյանի պաշտպանների միջնորդությունն ու նրան 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով:










