Օպտիմալացում լինելու է ՀՀ ոստիկանության բոլոր ծառայություններում, անգամ կենտրոնական ապարատում. Վալերիյ Օսիպյան
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների օպտիմալացման հարցը քննարկվում է. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
«Օպտիմալացում լինելու է բոլոր ծառայություններում, անգամ Կենտրոնական ապարատում: Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության գնդի հիմքում այս տարվա վերջ կամ հնարավոր է՝ 2020 թ-ի հունվարից ստեղծվի պարեկային ծառայություն»,- ասաց Օսիպյանը: Նա հայտնեց, որ ներկայումս հասարակական անվտանգությունը պահպանող ոստիկանների քանակը շուրջ 9 հազար է:
Անդրադառնալով ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի հնարավոր բարձրացմանը՝ ոստիկանապետն ասաց, որ սպասում են կառավարության կողմից հաստատված կարգին, որից հետո էլ հարցը կքննարկվի:
Նա հավելեց, որ կառավարությունը ոստիկանությանը տրամադրել է շուրջ 7-9 միլիարդ դրամ, որը պարգևավճարի տեսքով ամեն ամիս բաժանվելու է ոստիկաններին: «Դա կարող է դիտվել որպես աշխատավարձի բարձրացում»,- նշեց Օսիպյանը:










