Եթե որևէ մեկը փորձի սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարել, կարժանանա կոշտ գնահատականների. Վ. Օսիպյանը՝ Ժ. Սեֆիլյանի հայտարարության մասին
Եթե որևէ մեկը կարգ խախտի և փորձի ՀՀ սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարել, կարժանանա օրենքի սահմաններում կոշտ գնահատականների. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով «Սասնա Ծռեր» կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ իրենց համբերության բաժակը լցվել է, և եթե իրենց երկու կալանավորված ընկերներին ազատ չարձակեն, բողոքի ակցիաներ կսկսեն:
«Ով ուզում է լինի, ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում, ոստիկանությունը տիրապետում է բոլոր տվյալներին»,-ասաց ոստիկանապետը: Հստակեցնող հարցին, թե այսինքն՝ տեղյակ է, որ ինչ-որ գործողություններ են նախապատրաստվում, Օսիպյանն այսպես արձագանքեց:
«Ոստիկանությունն ունի շատ-շատ ինֆորմացիաներ, որ օրենքի սահմաններում ձեռք բերված և հրապարակման ենթակա չէ, այո, մենք տիրապետում ենք բոլոր տվյալներին: Եթե մի քանի հոգի փողոց են փակում, և եթե ոստիկանությունն անմիջապես հետո չի բացում, դա չի նշանակում, որ չի կարող: Մենք կարող ենք հաշված րոպեների ընթացքում այդ ամենը բացել ու վերականգնել երթևեկությունը, և միայն Ժիրայի Սեֆիլյանի պարագայում չէ, այլ ցանկացած դեպքում, եթե որևէ մեկը ՀՀ-ում որևէ կարգ խախտի, կարժանանա ՀՀ օրենքի սահմաններում գնահատականների»:
Դիտարկմանը, որ նաև հայտարարության տեքստի մեջ ապստամբությունից էր խոսվում, Օսիպյանն ասաց, որ օրենքի խախտման պարագայում կոշտ գնահատականի կարժանանան: «Ավելին չեմ կարող ասել»,-ասաց նա:










