ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ ռեկտորի լիազորությունների դադարեցման հարցով նիստի օրակարգը չհաստատվեց (տեսանյութ)

11:33 • 28.02.19

12:32

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ լավ էր, որ քննարկում եղավ, քանի որ ժամանակին ԵՊՀ-ում շատերը կաշկանդված էին, Սերժ Սարգսյանի ներկայությամբ նման քննարկումներ չէին կարող:

Նա նաև նկատեց, որ թեմայի վերաբերյալ անհարկի քաղաքականացում եղավ:

«Երբ մարդիկ գալիս, այստեղ ակցիաներ են անում ի շահ համալսարանի, ի շահ ռեկտորի չէին: Դրանք վնասում էին համալսարանին և ռեկտորին»,- ասաց նա՝ նկատելով, որ ստեղծված իրավիճակը զոհ է նախորդ ռեժիմին:

«Այս քննարկումը որ եղավ, կարևոր էր, այն ճահիճը, որ ստեղծվել էր, տեղից շարժվեց»,- ասաց նա:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը ԵՊՀ-ին ուզում է տեսնել որպես ինքնավար համալսարան, երբ քաղաքական ազդեցություններ նրա վրա չկան։

«Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի խորհուրդը, մենք պետք է հարգենք այդ որոշումը: Մի խորհուրդ էլ կտայի՝ բարոյականությունից շատ մի խոսեք, որովհետև դա մի ոլորտ է, որտեղ երբ մտնում ես, դուրս չես գալիս: Պետք է ապրել այդպես, չխոսել այդ մասին»,- ասաց նա:

 

12:15

Նիստի ընթացքում օրակարգի փոփոխության հարցի քվեարկություն տեղի ունեցավ, որը չընդունվեց:

Այնուհետև տեղի ունեցավ օրակարգի հաստատման քվերակություն: 

Օրակարգի հաստատմանը կողմ էին 15, դեմ՝ 10 խորհրդի անդամ: Օրակարգը չհաստատվեց՝ պարզ մեծամասնություն չլինելու պատճռով, նիստը հետաձգվում է:


12:00

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում առաջինը ելույթ ունեցավ ԵՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը և փորձեց  բացատրել համալսարանի ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հետ կապված իրավական կարգավորումները:

«Երկու ակնհայտ ճշմարտություններ ունենք․ հասարակությունը բևեռացված է, և դա հասել է նաև մեր համալսարանին: Երկրորդ ակնհայտ ճշմարտությունն այն է, որ համալսարանին, որպես ազգային արժեքի, որևէ վնաս չպետք է հասցնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է փորձեն համալսարանը հեռու պահել քաղաքականությունից:

Ըստ Արթուր Վաղարշյանի՝ հարցի լուծման ճիշտ ուղին իրավաբանականն է, օրենքն է, որը արդարացնում է ճշմարիտը:

«Ամեն ինչ պետք է արվի օրենքով»,- ասաց նա՝ նշելով, որ նիստի օրակարգի պատճառների մասին վերլուծության մեջ եղած փաստարկները իրավական առումով շատ խոցելի են:

Նա նկատեց, որ ԵՊՀ-ի գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով:

«Հիմնադրամների մասին» օրենքն այլ տրամաբանությամբ ինչ-որ կապիտալ ունեցող ընկերությունների համար է ստեղծված, իսկ ներքուստ համալսարանի կառավարման համակարգը որևէ կապ չունի հիմնադրամների հետ: Այն կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքներով,- ասաց նա՝ նշելով, որ միանշանակ ասել, որ այս իրավիճակում պետք է ղեկավարվել «Հիմնադրամների մասին» օրենքով, ճիշտ չէ,- Այն արտաքին հարաբերություններին է վերաբերում»:

Նրա խոսքով՝ իրավական եզրակացությունն այն է, որ այս խնդրի լուծման համար հիմք պետք է լինի ոչ թե «Հիմնադրամների մասին» օրենքը, այլ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության»  մասին օրենքները, իսկ իրենց ներկայացրած վերլուծությունը հիմնված է միայն «Հիմնադրամների մասին» օրենքի վրա»:

Արթուր Արշակյանը նաև նկատեց, որ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքներում ոչ մի խոսք չկա ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, այդ մասին կա միայն «Հիմնադրամների մասին» օրենքում:

Նա հիմնավոր չհամարեց օրակարգում այդ ձևակերպմամբ հարցը քննարկելը: 

«Մենք ռեկտորին մեղադրում ենք նրա մեջ, որ ճահիճ պետության մեջ համալսարանը չի բարգավաճում»,- ասաց նա:



11:30

ԵՊՀ-ում խորհրդի նիստի ժամանակ բուռն վեճ առաջացավ, երբ որոշվեց քվեարկություն անցկացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը փակ անցկացնելու մասին:

Ներկաներից մեկը պահանջում էր, որ նիստը բաց լինի: Սակայն նիստը նախագահողն առաջարկեց քվեարկել՝ ովքեր են կողմ, որ նիստն անցկացվի փակ:

Խորհրդի անդամները միաձայն քվեարկեցին նիստը փակ անցկացնելու օգտին: Հոգաբարձուների խորհրդի անդամ չհանդիսացողներին ու լրագրողներին հորդորվեց լքել նիստերի դահլիճը:

Այնուհետև, սակայն, լրագրողներին հետ կանչեցին նիստերի դահլիճ և թույլ տվեցին լուսաբանել նիստը: 

 

11:25

Այս օրերին «Ի պաշտպանություն Արամ Սիմոնյանին» ակցիաներ կազմակերպող Նարեկ Մալյանը, որը հանգանակություն էր կազմակերպել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամի համար, նիստի ընթացքում մետաղադրամներով լի արկղը դատարկեց նիստը նախագահող Գևորգ Մուրադյանի առաջ:

Մետաղադրամները շպրտելուց առաջ Նարեկ Մալյանն ասաց. «Այս գումարները կտա՛ք Հակոբյանին, հանկարծ Ձեզ չպահե՛ք»:

Նիստը նախագահողն էլ խնդրեց անվտանգության աշխատողներին պահել նիստի անվտանգության կանոնները: Նիստը շարունակվում է: Այս պահին խորհրդի անդամները ելույթներ են ունենում:


--------------------------

Երևանի պետական համալսարանում տեղի է ունենում հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային միակ հարցը ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումն է:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ նույն խորհրդի կողմից միաձայն հաստատվել էր ռեկտորի տարեկան հաշվետվությունը:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր ԵՊՀ-ում ենթադրյալ իրավախախտումների ու չարաշահումների մասին: