Գուաիդոն Վենեսուելայի հատուկ դատախազ է նշանակել Խոսե Իգնասիո Էրնանդեսին
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է Խոսե Իգնասիո Էրնանդեսին Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության հատուկ դատախազի պաշտոնում նշանակելու մասին:
«Վենեսուելայի փրկության գործում մենք առաջ ենք շարժվում: Պաշտոնապես նշանակում ենք Խոսե Իգնասիո Էրնանդեսին Հանրապետության հատուկ դատախազի պաշտոնում: Մեր երկրում այժմ կա ազնիվ, գործին նվիրված և կուսակցական պատկանելություն չունեցող մարդ, որը կծառայի գլխավոր դատախազությանը», - գրել է Գուիդոն իր թվիթերյան էջում:
Գրառմանը կից ներկայացված փաստաթղթի տեքստում նշվում է, որ որոշումը կայացվել է փետրվարի 20-ին Ազգային վեհաժողովի կողմից:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում քաղաքական լարված իրավիճակի և բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել: ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին:










