Կիմ Չեն Ընն առաջին անգամ պատասխանել է արտասահմանցի լրագրողի հարցին. The Washington Post

17:13 • 28.02.19

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Վիետնամում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ պատասխանել է արտասահմանցի լրագրողի հարցին, գրում է The Washington Post-ը:


Պարբերականի թղթակից Դևիդ Նակամուրան հասցրել է հարց հղել հյուսիսկորեացի առաջնորդին, երբ վերջինս Թրամփի հետ համատեղ լուսանկարից հետո արդեն պատրաստվում էր լքել սրահը:

Լրագրողը, մասնավորապես, հարցրել է, թե ինչ զգացումներ ունի Կիմ Չեն Ընը բանակցությունների վերաբերյալ:

Այն պահին, երբ Սպիտակ տան աշխատակիցները փորձել են դուրս բերել սրահից լրագրողներին, Կիմ Չեն Ընը հնչած հարցից հետո շրջվել է դեպի թարգմանիչը, որն արագ թարգմանել է հարցը: Ի զարմանս շատերի՝ Հս. Կորեայի առաջնորդը պատասխանել է հարցին ու զուսպ լավատեսություն հայտնել:

«Դեռ վաղ է խոսել այդ մասին: Ես կանխատեսումներ չեմ անի: Զգացողություն ունեմ, որ կլինեն լավ արդյունքներ», - ասել է Կիմ Չեն Ընը:

Թերթը նշում է, որ սա նրա առաջին ուղիղ շփումն էր ամերիկյան մամուլի ներկայացուցչի հետ:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընն ու Դոնալդ Թրամփն այդպես էլ համաձայնության չեն եկել անցկացված բանակցությունների ժամանակ, որոնք ավարտվել են նախատեսվածից շուտ: