Անցկացվել է «ԱՌԿ ազգային ռազմավարության տեղեկատվական կառավարման համակարգի ուսուցում» թեմայով հրահանգչային դասընթացը

21:38 • 28.02.19

ԱՌՆԱՊ հիմնադրամը՝ ՀՀ ԱԻՆ և ՄԱԶԾ աջակցությամբ փետրվարի 25-ից 27-ը անցկացրել է «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության տեղեկատվական կառավարման համակարգի ուսուցում» թեմայով եռօրյա հրահանգչային դասընթացը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դասընթացի նպատակն էր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին ներկայացնել առցանց մոնիտորինգային համակարգը, ինչպես նաև ուսուցանել համակարգից օգտվելու կարգը և մեխանիզմները:

2018թ. ընթացքում սույն ռազմավարությունը մշակող թիմը ձեռնամուխ է եղել (ԱՌԿ) ազգային ռազմավարության իրականացման գործողությունների մոնիտորինգային ցուցանիշների մշակմանը: Մոնիտորինգային ցուցանիշների համակարգի նպատակն է ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման իրավիճակային, ընթացիկ և շարունակական ուսումնասիրությունն ու արդյունքների արձանագրման ապահովումը:

2018-2019թթ. ընթացքում ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման իրավիճակային, ընթացիկ և շարունակական ուսումնասիրությունն ու արդյունքների արձանագրման ապահովումը ավտոմատացնելու, համակարգելու, վերլուծելու և սույն տեղեկատվությամբ զբաղվող կառույցների, ստորաբաժանումների աշխատանքը դյուրին դարձնելու նպատակով ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՄԱԶԾ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցների ներգրավվմամբ պատրաստվել է ԱՌԿ ազգային ռազմավարության տեղեկատվության կառավարման համակարգ:

Տեղեկատվության կառավարման համակարգը աշխատելու է առցանց տիրույթում: Այն նախագծված է այնպես, որ յուրաքանչյուր կառույց, որն ունի անելիք ԱՌԿ ազգային ռազմավարության ուղղությամբ, կարող է աշխատել միայն ռազմավարության այն կետերով, որոնցով ունի հստակ պարտավորություններ: 
Այն իրենից ներկայացնում է եռաշերտ համակարգ (տեղեկատվությունը մուտքագրող, տեղեկատվությունը վավերացնող և տեղեկատվությունը հաստատող):

Դասընթացի ընթացքում ներկայացվել են մանրամասն զեկույցներ բնակչության պաշտպանության տարբեր ուղղությունների վերաբերյալ: Մասնակիցները ստացել են հրահանգչային հմտությունների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ռազմավարության իրականացման մեջ ներգրավված կառույցների հետ աշխատելու համար:

Տեղեկատվական կառավարման համակարգի մշակումը և դասընթացների իրականացումը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում: