Թրամփի նախկին փաստաբանը հայտարարել է, որ նախագահը շուրջ 500 անգամ մարդկանց սպառնալու հրաման է տվել իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոհենը հայտարարել է, որ Թրամփը 10 տարվա ընթացքում շուրջ 500 անգամ հրամայել է իրեն իր անունից սպառնալ մարդկանց, գրում է Reuters գործակալությունը:
Նման հայտարարություն Քոհենն արել է երեկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողական և կառավարական բարեփոխումների հանձնաժողովում տված վկայության ժամանակ:
Գործակալության տվյալներով՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջեքի Շպեյերը հարցրել է նախկին փաստաբանին, թե քանի անգամ է Թրամփը նրան հրամայել սպառնալիքներ տարածել իր անունից, ինչին Քոհենը պատասխանել է՝ բազմիցս, այնուհետև Շպեյերը սկսել է թվարկել՝ 50, 100, 200, ինչին Քոհենը պատասխանել է՝ ավելի շատ՝ ի վերջո կոնգրեսականին ընդհատելով 500-ի վրա:
Քոհենը հանձնաժողովին նաև Թրամփի կողմից գրված նամակների պատճեններ է ներկայացրել, որոնցում Միացյալ Նահանգների նախագահը սպառնում է ավագ դպրոցի և համալսարանի իր կուրսեցիներին՝ հորդորելով նրանց չհրապարակել իր գնահատականները:
Հիշեցնենք, որ Քոհենի հանրային վկայությունը նշանակված էր փետրվարի 7-ին, սակայն հունվարին Թրամփի նախկին փաստաբանը հայտնել էր ելույթը անորոշ ժամանակով հետաձգելու մասին: Քոհենի փաստաբանները պարզաբանել էին, որ իրենց հաճախորդն «անհանգստացել է նախագահ Թրամփի կողմից իր և իր ընտանիքի հասցեին արված սպառնալիքներից»:
2018թ.-ի դեկտեմբերին Նյու Յորքի դատարանը Քոհենին մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար հատկացված միջոցների չարաշահման համար 3 տարվա ազատազրկման էր դատապարտել:
Դատախազի տվյալներով՝ նշված միջոցներն օգտագործվել են այն կանանց լռեցնելու համար, որոնք հայտարարել են Թրամփի հետ ունեցած արտամուսնական կապի մասին:










