Պենտագոնը կոչ է արել Հնդկաստանին ու Պակիստանին «խուսափել հետագա ռազմական գործողություններից»

03:26 • 28.02.19

ԱՄՆ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը կոչ է արել Հնդկաստանին ու Պակիստանին «խուսափել հետագա ռազմական գործողություններից»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը:

«Նախարարի պաշտոնակատար Շանահանի ուշադրության կենտրոնում լարվածության դեէսկալացիան է և հետագա ռազմական գործողություններից խուսափելու կոչը երկրներին», - ընդգծում է ամերիկյան ռազմական վարչությունը:

Ավելի վաղ Պակիստանի բանակը հայտարարել էր երկու հնդկական ռազմական օդանավ խոցելու մասին, որոնք վիճելի Քաշմիր նահանգում «խախտել էին երկրի օդային տարածքը»: Պակիստանի լրատվամիջոցները տեսագրություն էին հրապարակել, որում գերի վերցված վիրավոր օդաչուներից մեկը հայտնում էր իր անունն ու ռազմական կոչումը:

Ավելի ուշ Հնդկաստանի իշխանությունները հայտնել էին, որ Քաշմիրի օդային տարածքում պատահարի հետևանքով խոցվել է Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչը: Պատահարի ընթացքում Հնդկաստանը կորցրել է իր МиГ-21 կործանիչը, իսկ դրա օդաչուն համարվում էր անհետ կորած:

Հիշեցնենք, որ վերջերս երկու երկրների հարաբերությունները սրվել են հատկապես այն բանից հետո, երբ փետրվարի 14-ին Պակիստանի տարածքում կենտրոնացած ահաբեկչական խմբավորումը հնդիկ ուժայինների ավտոշարասյան վրա հարձակում էր իրականացրել, որի արդյունքում 45 մարդ է զոհվել: