Տարեց գերմանացին գնացքի մեջ է մոռացել Պիկասոյի ստեղծած 11  հազար դոլար արժողությամբ կուժը

04:00 • 28.02.19

Գերմանիայում գնացքի 76-ամյա ուղևորը գնացքը փոխելիս նախորդի վագոնում է մոռացել իսպանացի հռչակավոր նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոյի ձեռքով ստեղծված թանկարժեք կերամիկական կուժը, գրում է Deutsche Welle-ն:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 15-ին: Նշվում է, որը տարեց տղամարդը Կասելից Դյուսելդորֆ էր ուղևորվում, սակայն Համ քաղաքում գնացքը փոխելիս մոռացել է իր թանկարժեք ուղեբեռը գնացքում:

26 սանտիմետր բարձրությամբ կուժը աճուրդի տան անվանումով պայուսակի մեջ էր: Ուղևորը կորստի մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը, սակայն երբ իրավապահները ստուգել են վագոնը, թանկարժեք կուժով պայուսակն այլևս այնտեղ չի եղել:

Հանրահայտ նկարչի աշխատանքը ստեղծվել է 1953 թվականին: Այն պատկանում է Պիկասոյի «Բու» շարքին և գնահատվում է շուրջ 11 հազար դոլար: