Թուրքիայում տոհմածառի ուսումնասիրության ծառայությունից մեկ տարում օգտվել է ավելի քան 34 մլն մարդ
Թուրքիայի հանրային ծառայությունների կայքում քաղաքացիների տոհմածառի արխիվային նյութերի տրամադրման ծառայության գործարկումից ի վեր դրանից օգտվել է 34 մլն քաղաքացի, այս մասին գրում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2018-ի փետրվարի 8-ից գործող առցանց ծառայության միջոցով իր ընտանիքի անցյալը փորձել է ուսումնասիրել 34 մլն 431 հազ. 76 քաղաքացի: Ավելին՝ կայքի այցելությունների դինամիկան ցույց է տալիս, որ «տոհմածառի» ծառայության հանդեպ հետաքրքրությունը ժամանակի հետ չի նվազում:
Մեծ աղմուկ հանած ծառայության պատճառով turkiye.gov.tr կայքը նույն օրը չափից դուրս ծանրաբեռնվածության հետևանքով ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը:
Առցանց ծառայության գործարկման հետ կապված՝ սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր շտապել էին կատակել, որ նման ծառայության ի հայտ գալուց հետո շուտով կպարզվի, որ բոլոր թուրք ազգայնականներն իրականում թրքության հետ որևէ կապ չունեն: Մի մասն էլ կատակով նշել է, որ այս ծառայությունը կնպաստի Թուրքիայի արևելքում հայ և ասորի, իսկ Էգեյան և Սևծովյան հատվածում՝ հույն բնակչության կտրուկ աճին:










