Կենդանաբանական այգու տնօրենը և, առհասարակ, ոչ ոք ապահովագրված և հովանավորված չէ. փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է այգու աշխատակիցներին (տեսանյութ)

22:36 • 28.02.19

Երևանի կենդանաբանական այգու շուրջ չդադարող խոսակցությունները, բողոքները, տնօրենի հրաժարականի պահանջը, այգու խնդիրներն ու իրականացված ուսումնասիրությունները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը քննարկել է այգու աշխատակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել է անձնակազմի մեծ մասը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Հանդիպումը կազմակերպեցինք մեկ ժամվա ընթացքում, որպեսզի բացառենք այն խոսակցությունները, որոնք առիթ և հիմք կտային մտածելու, որ աշխատակազմը պատրաստվել է այս հանդիպմանը»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը։

Խոսելով այգում կատարված ուսումնասիրությունների մասին՝ փոխքաղաքապետը նշել է, որ փաթեթը ծավալուն է և օբյեկտիվ գնահատականների համար ժամանակ է հարկավոր: «Երևանի քաղաքապետարանի կայացվելիք որոշման վրա, բացարձակապես որևէ այլ ճնշում չի կարող լինել, քան ուսումնասիրությունների օբյեկտիվ արդյունքներն են, որոնք չպետք է դրվեն կասկածի տակ: Հակառակ պարագայում կարելի է ցանկացած ղեկավարի դեպքում որոշ ժամանակ անց նույն խնդիրը բարձրացնել»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Տիգրան Վիրաբյանը նկատել է՝ պետք է հաշվի առնել բոլորի կարծիքը. «Կենդանաբանական այգու տնօրենը, և առհասարակ ոչ ոք ապահովագրված և հովանավորված չէ։ Մենք ավելի խորքային ենք ուսումնասիրում, մեր որոշումները կայացվում են փաստերի վրա։ Զգացմունքով չենք շարժվում և զգացմունքային ֆոնի վրա ոչ իրավական գնահատականներ չենք տալիս: Այո՛, ես այս պահին հայտարարում եմ, որ չգիտեմ՝ Ռուբեն Խաչատրյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ։ Եվ հիմա՝ արդյունքների ամփոփման այս փուլում անել միջամտություններ, անուղղակի ճնշում է օբյեկտիվ քննության վրա»։ 

Անդրադառնալով այգու 3 աշխատակցի՝ աշխատանքից ազատելու փաստին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է՝ քաղաքապետարանը խնդիրն ուսումնասիրում է: Հանդիպումը այգու աշխատակիցների հետ շարունակվել է առանց տնօրենի: Փոխքաղաքապետի հետ անմիջական զրույցում աշխատակիցներն ասել են՝ այս տարիների համատեղ աշխատանքը ստեղծել է ընտանեկան միջավայր: Իսկ խոսակցությունները, թե ձևավորված է վախի մթնոլորտ և աշխատակիցները զրկված են կամարտահայտման իրավունքից, չեն համապատասխանում իրականությանը: 

«Կան խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել ենք և շարունակելու ենք այդ մասին խոսել, սակայն վախի մթնոլորտ չկա»,-նշել է աշխատակիցներից մեկը: «Երբ աշխատակիցը տեսնում է տնօրենին՝ պետք է զգաստանա, եթե այդպես չէ, ապա կարծում եմ՝ տնօրենն իր տեղում չէ։ Չեմ տեսնում այնպիսի խնդիրներ, որոնց հիման վրա կարելի էր բարձրացնել աղմուկ, առավել ևս, որ դրանք ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում»,-նշել է աշխատակիցներից մեկ ուրիշը։

«Այն, ինչ կատարվում է Կենդանաբանական այգու, շուրջ արհեստածին է: Հաշվապահության արխիվի 2008թ. հաշվետվություններում գտել ենք մի փատաթուղթ, որով Կենդանաբանական այգին Աբովյանի քրեակատարողական հիմնարկին կենդանիներ է նվիրել՝ իբրև կենդանիների անկյունը համալրելու համար։ Ինչու՞, ոչ ոք չի կարող պատասխանել: Նմանատիպ հետաքրքիր այլ դեպքեր էլ կան, որոնք առանձին ուշադրություն են պահաջում»,-ասել է նա։

Անդրադառնալով այգու բուն խնդիրներին, մասնավորապես, տարածքի ցանկապատման, նաև պայմաններին՝ փոխքաղաքապետը վստահեցրել է, որ դրանք լուծելի են, բայց, իհարկե, ոչ մեկ օրում։ 
Երևանի ավագանու որոշմամբ Կենդանաբանական այգու կանոնադրական փոփոխություններից հետո առաջիակայում կստեղծվի առանձին խորհուրդ, որն էլ կզբաղվի այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնելով: