Մենք ռեկտորին մեղադրում ենք այն բանում, որ ճահիճ պետությունում համալսարանը չի բարգավաճում․ Արթուր Վաղարշյան
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում առաջինը ելույթ ունեցավ ԵՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը և փորձեց բացատրել համալսարանի ռեկտորի լիազորությունները դադարեցնելու հետ կապված իրավական կարգավորումները:
«Երկու ակնհայտ ճշմարտություններ ունենք․ հասարակությունը բևեռացված է, և դա հասել է նաև մեր համալսարանին: Երկրորդ ակնհայտ ճշմարտությունն այն է, որ համալսարանին, որպես ազգային արժեքի, որևէ վնաս չպետք է հասցնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է փորձեն համալսարանը հեռու պահել քաղաքականությունից:
Ըստ Արթուր Վաղարշյանի՝ հարցի լուծման ճիշտ ուղին իրավաբանականն է, օրենքն է, որը արդարացնում է ճշմարիտը:
«Ամեն ինչ պետք է արվի օրենքով»,- ասաց նա՝ նշելով, որ նիստի օրակարգի պատճառների մասին վերլուծության մեջ եղած փաստարկները իրավական առումով շատ խոցելի են:
Նա նկատեց, որ ԵՊՀ-ի գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով:
«Հիմնադրամների մասին» օրենքն այլ տրամաբանությամբ ինչ-որ կապիտալ ունեցող ընկերությունների համար է ստեղծված, իսկ ներքուստ համալսարանի կառավարման համակարգը որևէ կապ չունի հիմնադրամների հետ: Այն կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքներով,- ասաց նա՝ նշելով, որ միանշանակ ասել, որ այս իրավիճակում պետք է ղեկավարվել «Հիմնադրամների մասին» օրենքով, ճիշտ չէ,- Այն արտաքին հարաբերություններին է վերաբերում»:
Նրա խոսքով՝ իրավական եզրակացությունն այն է, որ այս խնդրի լուծման համար հիմք պետք է լինի ոչ թե «Հիմնադրամների մասին» օրենքը, այլ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության» մասին օրենքները, իսկ իրենց ներկայացրած վերլուծությունը հիմնված է միայն «Հիմնադրամների մասին» օրենքի վրա»:
Արթուր Արշակյանը նաև նկատեց, որ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքներում ոչ մի խոսք չկա ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, այդ մասին կա միայն «Հիմնադրամների մասին» օրենքում: Նա հիմնավոր չհամարեց օրակարգում այդ ձևակերպմամբ հարցը քննարկելը:
«Մենք ռեկտորին մեղադրում ենք նրա մեջ, որ ճահիճ պետության մեջ համալսարանը չի բարգավաճում»,- ասաց նա:










